Մանրադիտակի տակ Սևանից վերցրած փորձանմուշն է: Կենսաբանական գիտությունների թեկնածուն 2012-ից ուսումնասիրում է լճի պլանկտոնային համակեցությունը; Դրանք օրագնիզմներն են, սննդի շղթան, ձկների հիմնական կերը:
Արմինե Հայրապետյան (կենսաբանական գիտությունների թեկնածու) - Վերջին տարիներին լճի իրավիճակի հետ կապված՝ տեսնում ենք՝ պլանկտոնում շատացել են այն օրգանիզմները, որոնք բակտերիաներով են սնվում:
Սևանում արագ փոփոխվող գործընթացները վերահսկելու համար 2015-ից գիտական թիմը աշխատում է գերմանական խմբի հետ: Ամիսը մեկ լճում տեղակայած դիտակետերից վերցնում են փորձանմուշներ: 2005-ից սկսած՝ լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ էկոհամակարգը փոխվել է, դրան զուգահեռ՝ օրգանիզմների ավելացումը նոր խնդիրներ է առաջ բերում: Միջազգային համագործակցությամբ գիտնականները հույս ունեն՝ մոտ ապագայում ունենալ հստակ պատկեր խնդիրների լուծման համար:
Արմինե Հայրապետյան - Մեզ համար ահագին առաջընթաց է, որովեհտև նախկինում մենք միայն սեզոնային ուսումնասիրությունների հնարավորություն ունեինք:
Պլանկտոնային ուսումնասիրությունն, ըստ գիտնականի, դարձել է առաջնահերթ՝ կապված լճի ծաղկման հետ: Գիտեն պատճառները, բայց դեռ ամբողջական թեզ չկա: Երկար տարիներ նման հետազոտություններ չեն եղել՝ հասկանալու համար՝ յուրաքանչյուր մետր խորության վրա ինչ օրգանիզմներ են ապրում. սա թույլ կտա բացահայտել լճում կատարվող փոփոխությունները:
Լճի կապտականաչ ջրիմուռների ծաղկման մեխանիզմների բացահայտման համար զուգահեռ ուսումնասիրվում է ջրիմուռների և բակտերիաների խումբը՝ մեծ մասը թունավոր է, դրա հետ մեկտեղ՝ աղտոտվածոության տոկոսն է բարձր՝ լիճ թափվող ջրերը կենսաբանական ֆիլտրացման չեն ենթարկվում:
Գոռ Գևորգյան (կիրառական հիդրոէկոլոգիայի խմբի ղեկավար) - Թունավոր են ոչ միայն ջրային օրգանիզմների համար, այլև նաև մարդու առողջության համար, երբ, ասենք, մարդը լողանում է ջրում, և ջուրն բերանով անցնում է օրգանիզմ:
Ծաղկումը տեսանելի է ջրի մակերեսին, սահմանափակում է լույսի թափանցելիությունը խոր շերտեր, քայքայվելուց հետո նստելով հատակին՝ սպառում են թթվածինը: 2018-ից Գոռ Գևորգյանը ամեն ամիս հետազոտում է լճի հատակը, արդյունքները դեռ հուսադրող չեն:
Գոռ Գևորգյան - Սևանա լիճը, լինելով Կովկասի ամենախոշոր լիճը, ունի բավականին դանդաղ ինքնամաքրման կարողություն, կուտակված նյութերը բավականին դանդաղ են մաքրվում, իսկ ամեն տարվա ծաղկումները լրացուցիչ աղտոտման պատճառ են դարձել:
Հիմա Սևանի թափանցելիությունը 2-3 մետր է, 2015-ին այն տեսանելի էր մինչև 10 մետր: Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված գիտական լաբորատորիաների ամրապնդմանն ուղղված ծրագրով ձեռք են բերել ժամանակակից սարքավորումներ: Դա թույլ կտա լճում չափել ջրիմուռների քանակությունը, աղտոտվածությունը: Գերմանացի գործընկերները բերել են հատուկ սենսորներ, որոնք չափում են թթվածնի քանակն ու ջերմաստիճանը: Հավաքված տվյալներով, գիտնականները համոզված են՝ հնարավոր է գիտականորեն գտնել բոլոր խնդիրների հիմքը, հետո՝ լուծման ճանապարհները: