2021 թվականին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը։ Այս կարևոր հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում։
Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունիսի 14-ին՝ ժամը 11:15-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված կոմպոզիտորի հոբելյանին:
Մամուլի ասուլիսին մասնակցելու են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, Ա․ Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանը:
Մամուլի ասուլիսին կհաջորդի «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը: Նամականիշի մարումը կիրականացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, «ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի» նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Միջոցառման շրջանակում Ա. Սպենդիարյանի «Գնչուհի» ստեղծագործությունը կոմպոզիտորի հուշասենյակում նրա դաշնամուրով առաջին անգամ կկատարեն «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Էլեն Խաչիկյանը և Արթուր Գրիգորյանը:
Տեղեկացնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Սպենդիարյան-150» հոբելյանական միջոցառումների շրջանակում համերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Համերգի ընթացքում կհնչեն Ա. Սպենդիարյանի ստեղծագործություններից՝ «Երեք արմավենի», «Ղրիմյան էսքիզներ», հատվածներ «Ալմաստ» օպերայից: Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը: