Ադրբեջանում զգալիորեն աճել է Թուրքիայի դերակատարությունը, և այդ երկրում շատ խնդիրներ լուծվում են ոչ այնքան Ալիևի կամքի համաձայն, այլ Էրդողանի միջամտության արդյունքում՝ համոզված է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Վարդան Ոսկանյան («Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի անդամ) - Հունիսի 15-ին նախատեսվող Էրդողանի այցը Բաքու և Շուշի ազդում են այլ խաղացողների շահերի վրա: Շուշի այցն ունի սադրիչ բնույթ և ազդում է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի հարաբերությունների վրա:
Էրդողանի այցի համատեքստում խոսվում է մի փաստաթղթի ստորագրման մասին, որի բովանդակությունը դեռ հայտնի չէ: Ոսկանյանը նշեց՝ սոցցանցերում քննարկումներ կան, որ փաստաթուղթը կարող է ունենալ նաև ռազմական բաղադրիչ, ինչը չի կարող չանհանգստացնել ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին և Իրանին: Ըստ Ոսկանյանի, առավել մտահոգիչ է այն փաստը, որ այս պայմաններում Հայաստանը փաստացի չունի արտաքին գործերի նախարար:
Վարդան Ոսկանյան - Դուք գիտեք, որ հրաժարական է տվել ոչ միայն նախարարը, այլ նաև բոլոր տեղակալները: Հայաստանի ԱԳՆ-ն անկախությունից ի վեր առաջին անգամ գլխատված է: Եվ դա տեղի է ունեցել Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի ջանքերի «շնորհիվ»: Այս բոլոր սպառնալիքներին արձագանքելու համար Հայաստանը չունի կարևոր ինստիտուտներից մեկը:
Իշխանության գալու պարագայում քաղաքական ուժը կփորձի խորացնել հարաբերությունները Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի հետ: Չինաստանի և Հնդկաստանի հետ գործակցությունը դիտարկում են նաև Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման համատեքստում:
«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է համադրել բոլոր բարեկամների և գործընկերների շահերը, որպեսզի Հայաստանը դառնա գործակցության հարթակ՝ հայտարարեց Վարդան Ոսկանյանը: