«Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով «Հայաստան» դաշինքը քարոզարշավի 6-րդ օրը Լոռու մարզի Սպիտակ քաղաքում է: Դաշինքի համակիրները հիշում են ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի՝ Սպիտակում կատարած աշխատանքն ու այս քաղաքը համարում քարոզչության օրինակ:
Սուսաննա Հակոբյան («Հայաստան» դաշինքի համակիր) - Մնում է միայն վստահել, և կտեսնենք, որ ամեն ինչ լավ է լինելու, ի վերջո, ամեն մեկը միանում է իր երամին: Ուրեմն բոլորս միասին հունիսի 20-ին գնում ենք ընտրության ու ընտրում ենք հզորին, հունիսի 20-ի արշալույսները նոր օր պետք է բացեն մեզ համար:
Դաշինքի անդամները հորդորում են քաղաքացիներին հասկանալ՝ երկիրն աղետալի վիճակում է, և հավատացնում են՝ ոտքի են հանելու Հայաստանը:
Վահե Հակոբյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Հայաստան» դաշինք) - Մենք պետք է զարթնեցնենք այն հայրենակիցներին, ովքեր դեռ չեն հասկացել ու գիտակցել, թե ինչ է կատարվել, իսկ կատարվում է աղետ:
Երազանքների հայրենիք կառուցել է խոստանում Իշխան Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Հայաստան» դաշինք) - Պարզապես ձեզ ասում ենք, որ այս քաղաքի համար ավելին ենք անելու, կրկնակի ենք անելու, ձեր դեմքերին հույս ու ժպիտ է գալու, նոր հավատ է գալու:
Երկրորդ նախագահը վստահեցնում է՝ լավ հիշողություն ունի, ու մտաբերում է, թե ինչ տեսք ուներ Սպիտակը մինչև իր պաշտոնավարումը, և ինչ աշխատանք է կատարել այն վերականգնելու համար:
Ռոբերտ Քոչարյան («Հայաստան» դաշինքի 1-ին համար) - Ինձ մոտ բանական հարց է առաջանում. եթե երեք տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արվել կառավարության կողմից, ի՞նչ երեսով են նրանք գալիս ձեզ մոտ ու հանրահավաք կազմակերպում, դիմում ձեզ՝ ձեր վստահության քվեն ստանալու համար: Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչ խղճով են գալիս:
«Հայաստան» դաշինքը քարոզարշավի 6-րդ օրն անցկացնում է Լոռու մարզի մյուս համայնքներում:
Հեղինակ՝ Անի Օհանյան