Գումարի ի՞նչ մնացորդ ունի իրենց մոտ այս կամ այն բիզնեսը․ հարկայինում նորից՝ մինչև 2018 թվականը եղած գերավճարների ցուցակ են ճշտում։ Կուտակված 125 մլրդ դրամի հիմնական մասը մարվել է, բայց տնտեսվարողին վերադարձման ենթակա փող դեռ կա։
Օլգա Աբովյան (ՀՀ ՊԵԿ ընթացիկ հարկային եկամուտների հաշվառման բաժնի պետ) - Մոտ օրերս 4 միլիարդից մի փոքր ավել գումար կուղղվի հարկ վճարողների միասնական հաշվին:
Կառավարության վերջերս ընդունած որոշման համաձայն՝ գերավճարի մնացորդը վերադարձնելու կարգը ՊԵԿ-ը պարզեցրել է․ գումարը հարկ վճարողները կստանան արդեն՝ առանց դիմում գրելու։ Այնպես, որ՝ մոտ 30 հազար տնտեսվարող առաջիկայում միասնական իրենց հաշվին անակնկալ-ավտոմատ նստող 100 դրամից մինչև մի քանի միլիոնի գերավճար կտեսնի։ Գումարը կուզեն՝ կփոխանցվի բանկային հաշվին՝ կհանեն, կուզեն՝ դրանով հետագա հարկեր կփակեն։ Սովորաբար դա կախված է լինելու բիզնեսի բնույթից․ ազատվող շրջանառու միջոցների հետ արտահանողներն այլ կերպ են վարվում, արտադրողները՝ այլ՝ բացատրում է մի քանի ընկերության ֆինանսներ կառավարող հաշվապահը։
Այս փուլում վերադարձվող 4 միլիարդից ավելի գերավճարի մոտ կեսը ստանալու են կորոնայի փուլում, նաև՝ դրանից առաջ տարբեր դժվարությունների պատճառով փակված, գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած բիզնեսները։ Այս դեպքում նույնպես դիմում գրելու կարիք չկա։ Վերջերս ընդունված փոփոխության համաձայն՝ միասնական հաշվին նստող գերավճարից թույլատրվել են նաև սոցիալական վճարումները՝ բիզնեսին տեղեկացնում է ՊԵԿ-ի հարկային եկամուտների հաշվառման բաժնի պետը։
Օլգա Աբովյան - Երբ գերավճարն ավտոմատ ուղղվի հարկ վճարողի միասնական հաշվին, այն հարկ վճարողները, որ սոցի գծով պարտավորություններ ունեն, նախ կմարվի նրանց պարտավորությունները, հետո կկարողանան տնօրենել մնացորդը, կամ կներկայացնեն դիմում՝ վերադարձ ստանալու համար, կամ էլ կմարվեն նրանց հետագա պարտավորությունները:
Ծրագիրը պատրաստ է, ցանկերը՝ հստակեցված, եթե ոչինչ չխանգարի, գերավճարի մնացորդները բիզնեսի հաշվիներին կլինեն երկուշաբթի երեկոյան։