Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրն ու ավելացրել՝ որոշողը ժողովուրդն է։ Եթե իրենց չընտրեն, միևնույնն է, չեն նեղանալու՝ Արարատի մարզում հանդիպման ժամանակ հայտարարել է Ծառուկյանը։ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը կարևորել է վարկերի համաներումը, ընդգծել՝ մարզում ամենաբերրի հողերն են, սակայն ժողովուրդը, միևնույնն է, վարկեր ունի:
Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ ցուցակի առաջին համար - Գյուղատնտեսական վարկեր պետք է լինեն 0 տոկոս։ Մինչև երեք միլիոն վարկերը պետք է ներվեն ժողովրդին։ Ժողովուրդը չի կարողանում վարկերի տակից դուրս գալ։
Մինչև երկու միլիոն մարդու վարկ պետք է ներեն։ Դրանից հետո գոնե 2 տոկոսանոց վարկեր տրամադրեն։ Գագիկ Ծառուկյանը վստահ է՝ գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերաբացվի։ Գյուղոլորտի կառավարումից խոսելով՝ կուսակցության վարչապետի թեկնածուն անդրադարձավ իր գործարանների կառավարիչների աշխատանքին՝ նույնը ակնկալելով պետական համակարգից։
Օրենքով պետք է վերահսկեն վերավաճառողների գործունեությունը՝ ասել է Ծառուկյանը։ Որպեսզի վերավաճառողն արտադրողից շատ եկամուտ չունենա։ Հայկական արտադրանքը սպառման մեծ ներուժ ունի արաբական երկրներում։ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև ոռոգման ջրի խնդրին, ինչո՞ւ է ջուրը թափվում Արաքս, մինչդեռ կարող էր անվճար հասնել գյուղացուն։
ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է նաև արտագաղթին։ Նշել՝ ամեն ինչ անելու են, որ մարդիկ չլքեն Հայաստանը։ Խոսելով երկրի անվտանգության հիմնախնդիրներից՝ շեշտել է՝ մեր ապագան Ռուսաստանի հետ է:
Երկրի զարգացմանն ուղղված՝ «Բարգավաճ Հայաստանը» 30 կետից բաղկացած ծրագիր ունի: Եթե չկիրառեն, իրավիճակը կվատթարանա՝ վստահեցրել է Գագիկ Ծառուկյանը։ Ծրագրով նախատեսում են առողջապահության ոլորտի ֆինանսավորումն ավելացնել. բյուջեից հատկացրած 250 միլիոն դոլարը, ըստ Ծառուկյանի, բավարար չէ։
Վարչապետի թեկնածուն նաև ներդրումներից է խոսել, ընդգծել՝ իր առաջարկներն այս իշխանության օրոք չեն ընդունվում: Խոսքն ավարտել է պնդումով՝ չլուծվող խնդիր չկա, արդյունավետ կառավարում է անհրաժեշտ։