ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանում, ընտրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ երեկ Վանաձորում ինքը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է իրականացնեն հեղափոխության երկրորդ փուլը, որը պիտի անվանեն ոչ բռնի, ժողովրդական, բայց այս անգամ ոչ թե թավշյա, այլ պողպատյա հեղափոխություն:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այսօր ժողովրդի պահանջը իրենցից հստակ է՝ նրանք ուզում են, որ ՀՀ-ում գոյություն ունենա ուժեղ, ինստիտուցիոնալ իշխանություն, որը երկրում օրենքի անառարկելիության մթնոլորտ կստեղծի:
«Ի՞նչ է նշանակում պողպատյա իշխանություն: Դա նշանակում է օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացում, դա նշանակում է օրենքի դիկտատուրա Հայաստանում, և մենք ձեր մանդատով գնալու ենք այդ ճանապարհով: Օրենքի մասին է խոսքը, ոչ թե բռնության մասին, օրենքի իշխանության մասին է խոսքը: Եվ ես ուզում եմ ասել, որ մենք այսպես ինստիտուցիոնալ ճանապարհով պիտի գնանք, շարունակական պետական ինստիտուտների ուժեղացման և օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացման ճանապարհով: Եվ սա այսօր այլընտրանք չունի»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև բացատրեց, թե ինչի համար էր հարկավոր թավիշը:
«Դա հարկավոր էր, որպեսզի մեր հանրության պոտենցիալը ի վերջո ի ցույց տրվի: Բայց մենք արդյունքում տեսանք, որ, ըստ էության, վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է կառավարման կաստայական համակարգ»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով իր կողմից պարբերաբար ներկայացվող վիճակագրությունը, ըստ որի՝ Հայաստանում 10 տարեկան երեխաների 30 տոկոսը կարդալ ընդհանրապես չգիտի:
«Այս 30 տոկոսը կարդալ չգիտի, դա նշանակում է, որ մի ուրիշ 30 տոկոս կիսագրագետ է, մեկ ուրիշ 30 տոկոս վատ կրթություն է ստացել: Սա վկայում է, որ երկրում հաստատված է եղել, և այսօր էլ այդ համակարգը վերացված չէ, կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա, որը ինքն իրեն անընդհատ վերարտադրում է: Եթե որևէ աշխատատեղ կա՝ դա այդ էլիտայի ներկայացուցիչների համար է, պետական պաշտոններ՝ դա այդ էլիտայի ներկայացուցիչների համար է»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դա ամենաշատը երևում է իրավաբանների շրջանում: