Ռուս բժիշկները պատրաստ են հիմա էլ սպիտակ խալաթ հագնել ու վիրահատարան մտնել՝ օգնելու հայ գործընկերներին միասին ոտքի կանգնեցնելու պատերազմի վիրավորներին:
Վլադիմիր Կռիլով (Ռուսաստանի գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս) - Մենք քննարկել ենք պատերազմում վիրավորում ստացած զինվորների բուժօգնության, տարբեր կլինիկաներում նրանց վերականգնողական բուժման հարցերը:
Մասնագիտական խմբի առաջին այցն է: Եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի ու իր ընկերների հրավերը բժիշկներն ընդունել են՝ հայ-ռուսական բժշկական գործակցությունը զարգացնելու համար: Առաջին քննարկումն ու շրջայցն «Էրեբունի» բուժկենտրոնի գործընկերների հետ է:
Թելման Ֆերոյան (գործարար) - Մեր առաջնային նպատակն էր՝ Հայաստան հրավիրել Ռուսաստանի գլխավոր նյարդավիրաբույժ Վլադիմիր Կռիլովին՝ 44-օրյա ռազմական գործողություններից հետո անցկացնելու բարդ վիրահատություններ: Երկրորդ գաղափարն այն էր՝ ի դեմս ակադեմիկոսի հրավիրել նաև այլ մասնագետների՝ իրականացնելու փորձի, գիտելիքի փոխանակում:
Մոսկվայից Երևան են ժամանել հայտնի նյարդավիրաբույժներ, օրթոպեդ-վնասվածքաբաններ, փոխպատվաստման, էպիլեպսիկ հիվանդություններով զբաղվող մասնագետներ:
Վահան Դալիբալդյան (Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ, նյարդավիրաբույժ) - Նյարդավիրաբուժական հիվանդների թիվն ավելացել է, քանի որ հնարավոր է դարձել ավելի վաղ հայտնաբերել հիվանդությունները՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի շնորհիվ: Հասանելի է, հեշտ է հայտնաբերել պաթոլոգիան:
Վլադիմիր Կռիլով - Մեզ հետաքրքրում է կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների, էպիլեպսիայի բուժումը, ողնաշարի վնասվածքների, նաև համակցված վնասվածքների, հոդերի պրոթեզավորման խնդիրների լուծումը:
Ռուս բժիշկները, Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի մասնագետները Երևանում պայմանավորվեցին՝ առաջիկայում ևս այցելել ու կատարել համատեղ վիրահատություններ:
Թելման Ֆերոյան - Այնտեղ իրականացվում են երիկամի, լյարդի, թոքերի փոխպատվաստում: Էպիլեպսիկ հիվանդություններին առնչվող բարդ վիրահատություններ, որ Հայաստանում դեռևս չեն կատարվում: Կարծում եմ՝ Հայաստանի համար անհրաժեշտ կլինի այդ վիրահատությունների կատարումը:
Մինչև այդ ծանոթանում են բժշկական տեխնոլոգիական հնարավորություններին: Եթե անհրաժեշտ լինի, վիրավորներին կտեղափոխեն Մոսկվա՝ նրանց լիարժեք ապաքինման համար: