Վերջին շրջանում աշխարհում և Հայաստանում հատկապես ակտիվացել են օնլայն առևտրի հարթակներն ու դրանցից օգտվող օգտատերերը: Նրանց անօրինական վարքագիծը նույնպես չի վրիպում Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տեսադաշտից:
Մասնավորապես, List.am հայտարարությունների կայքում օգտատերերից մեկի վարքագիծը կասկածելի է թվացել վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների համար: Կայքի «Gh Grup» օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել են «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակներում գնվել է 360.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ: Կասկածելի է եղել այդ խմիչքների վաճառքի գները, առկա չեն նաև տնտեսվարող սուբյեկտի մասին վկայող տեղեկություններ, վաճառողի մատակարարման հասցեի նշագրումներ և այլն:
Օղիների և կոնյակների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի ուսումնասիրություններից պարզվել է, որ QR կոդով վերագրված ակցիզային դրոշմանիշների համարները չէին համապատասխանում տվյալ դրոշմանիշների վրա տպագրված համարների հետ։ QR կոդով ստուգված «Բելուգա» տեսակի օղիների ակցիզային դրոշմանիշերը վերագրված էին որպես «ABSOLUT» 0,5 լ տարողության օղու ակցիզային դրոշմանիշեր, իսկ «Ախթամար» տեսակի կոնյակների ակցիզային դրոշմանիշները՝ «Արարատ 3*» կոնյակի ակցիզային դրոշմանիշներ։ Ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դարձել, որ առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ համացանցով վաճառվող ալկոհոլային խմիչքները դրոշմավորված էին կեղծ ակցիզային դրոշմանիշներով։ Ընդ որում, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Gh Grup» օգտատերը հանդիսանում է դեռևս 2014 թվականից գործունեությունը ժամանակավորապես դադարեցված ընկերություն:
Նշենք, որ նման իրավախախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ քրեական և հարկային օրենսգրքերի համապատասխան հոդվածներով։ Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի համաձայն՝ կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկ տարի ժամկետով:
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է գործել բացառապես օրենքի դաշտում, խուսափել կեղծիքից ու խաբեությունից, միաժամանակ նախազգուշացնում` հարկեր չվճարելու դիտավորությամբ հարկվող օբյեկտները թաքցնելու դեպքում կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։