Երևանյան նոր միկրոավտոբուսներից ամենաշատ ուղևոր տեղափոխողը, պարզվում է, 99-րդ համարն է։ Նստող-իջնողների քանակից վարորդը գոհ է։
Կարեն Հարությունյան (99-րդ երթուղու վարորդ) - Մյուսներից տեղյակ չեմ, բայց սա ուղևորով երթուղի ա․․․
Մեր նկարահանման պահին՝ կեսօրն անց, դրամարկղի մոնիթորը ցույց է տալիս տրանսպորտից օգտված 301 անձ։ Հիմնականում շաբաթ-կիրակի է հոսքը պակաս։ Աշխատանքային օրերին՝ առավոտը մարդկանց գործի-դպրոց-բուհ հասցնելու թվին եթե երեկոյան տուն տանելու պիկային ցուցանիշը գումարի՝ ստացվում է իր հերթափոխի միջին շարժը․ հաշվում է վարորդը։
Նոր շարժակազմով այս երթուղիները, չմոռանաք՝ ամենաոչ շահավետներն էին, որոնցից մասնավոր գծատերերը հրաժարվել էին՝ շեշտում են քաղաքապետարանում։ Թարմ, մաքուր տրանսպորտով, օրինական վարձատրվող վարորդներով տվյալ ուղղություններում մարդկանց շարժն ապահովել՝ ստացվեց, բայց՝ ասել, թե՝ 38, 24 կամ 47 համարը ծախսածածկ են դարձել՝ հիմա էլ հնարավոր չէ, վերլուծում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ) - Բացի 99 համարի գծից, որն իր ամբողջ հզորությամբ աշխատում ա, մյուսները պիտի 30 տոկոսով ուղևորահոսքն ավել լինի:
Ուղևորահոսքը՝ հակառակը, մի տասն օրից արձակուրդների պատճառով Երևանում սովորականի նման կպակասի և կվերականգնվի միայն ամռան վերջին։ Մինչև քաղաքային տրանսպորտն անհրաժեշտ ամբողջ շարժակազմով ու գրաֆիկով չաշխատի, հնարավոր չէ հստակ գնահատել՝ համակարգը որքա՞ն սուբսիդիայի կարիք ունի, նույնն է, թե իրականում ի՞նչ արժի 100 դրամանոց տրանսպորտը։ Այս հարցերի պատասխանը գուցե տարեվերջին էլ չճշտվի։ Նոր «Գազելներ» էլ չենք սպասում։
Առաջիկա ամիսներին Հայաստան կգան 8,5 մետրանոց ավտոբուսները։ Արդեն նաև տեսնյութ կա՝ պատվեր կատարող մեքենաշինական գործարանում ինչպես են դրանք հավաքում՝ Երևանի պահանջած գույներով ու սրահի դետալներով։
Ավտոբուս-տրոլեյբուսների թիվը մայրաքաղաքում այժմ շահագործվող մոտ 450-ից պետք է հասնի 850-ի, որ հնարավոր դառնա անցնել միջազգային խորհրդատուների առաջարկած տրանսպորտային նոր ցանցին։ Այդ պատճառով էլ երթուղիները փուլ առ փուլ կվերանայեն։
Հրաչյա Սարգսյան - Միջանկյալ փոփոխություն լինելու է՝ 211 ավտոբուսը որ լինի, որոշ գծերում անպայման լինելու է, դա կլինի միջանկյալ-հիբրիդային լուծում, որից հետո երբ ունենք 18 մետրանոցները՝ կլինի նորը։ Նոր 211 ավտոբուսները, ի դեպ, գազով են աշխատելու, որ Երևանի օդը քիչ աղտոտեն, նաև սակագնի վրա էլ վառելիքի թանկացման ճնշումը մեծ չլինի։