Ոչ միայն արտահերթ, այլև արտակարգ ընտրություն է սպասվում հունիսի 20-ին՝ արտակարգ տրամաբանությամբ: Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական հանդիպումն է սկսում «Հանրապետություն» կուսակցությունը՝ ներկայացնում ծրագրերը, գաղափարները, անելիքները: Խորհրդարան են գնում խորհրդարանական համակարգից անցնելու նախագահականի՝ առաջնահերթ ունենալով գերիների վերադարձի հարցը:
Արտակ Զեյնալյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու («Հանրապետություն» կուսակցություն) - Մենք բոլոր միջազգային ու իրավական գործընթացներին գնալու ենք և, ինչպես Խրիմյան Հայրիկն էր ասում, «Որպեսզի մեր շերեփը չլինի թղթից, մենք պիտի մեր շերեփը կռենք պողպատից»:
Հրապարակը ջերմ է, վայրն Արամ Սարգսյանի համար՝ սիրելիներից մեկը: Սա այն տեղն է՝ ասում է, որտեղ մարդիկ վերևում են, ինքը՝ ներքևում: «Հանրապետության» առաջին համարը հիշեցնում է՝ կուսակցությունը 20 տարեկան է, կրում է Սպարապետ եղբոր գաղափարները, հենց այդ նպատակով ու անցած ճանապարհով էլ թեկնածուների շարքերում շատ են երկրապահները: Սարգսյանը հարցնում է՝ կա՞ն մասնակիցներ, որոնց որդին հիմա սահմանում է:
Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության ցուցակի 1-ին համար - Ցանկացած հայ մարդ պետք է գլուխ խոնարհի Ձեր առաջ: Ես ուզում եմ մեր բոլոր զոհերի հարազատների առաջ գլուխ խոնարհել:
Սահմանի թեման շարունակելով՝ Արամ Սարգսյանը նշում է՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխել է պետք: Ռազմավարական դաշնակից Ռուսաստանին կարող են փոխարինել արևմտյան ուժերը:
Արամ Սարգսյան - Ռուսաստանը հիմա ամեն ինչ անում է, որ Սյունիքով Ադրբեջանին ճանապարհ տա: Ղարաբաղի կարգավիճակի մասին էլ ասում է՝ հարցը լուծված չէ, պետք է խաղաղություն լինի: Այսինքն՝ այն, ինչ ինքն է ուզում, այդպես մենք կորցնում ենք թե՛ Ղարաբաղը, թե՛ Սյունիքը:
Հակառակն ասում է Սարգսյանը՝ ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է հետ բերել Արցախից կորցրածը, վերականգնել ԼՂԻՄ տարածքը:
Արամ Սարգսյան - Ասում են՝ եթե ռուսներին հակադրվենք, կարող են խնդիրներ առաջանալ, ասում եմ՝ եթե չհակադրվենք, այն ժամանակ խնդիրներ կունենանք. այստեղ այլընտրանք գոյություն չունի:
Այլընտրանք Սարգսյանը տեսնում է խորհրդարանում ռուսական կողմնորոշման ուժերին արևմտյանով հավասարակշռելու և Արցախում ռուս խաղաղապահների կողքին Մինսկի խմբի համանախագահ երկրներից խաղաղապահներ տեղակայելով: