Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը Հանրապետականից ստացել է շատ լավ բանակցային ժառանգություն: Այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյան - Այնպիսի բանակցային ժառանգություն, ըստ որի, անգամ կապիտուլյանտն է խոստովանում, որ Պուտինը և այլք իրեն ասել են՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա կարևոր հիմնադրույթ էր մեր օրոք:
Երկու օր առաջ երրորդ նախագահի հրապարակած ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը խոսում է 2018-ի մայիսին իր՝ Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի՝ Սոչիում ունեցած հանդիպումից: Ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը պատմում է, որ այդ երկրների ղեկավարները ասել են, թե «Ադրբեջանի նախագահ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի»։ Փաշինյանը առաջարկել է, որ Ալիևն իր այդ կարծիքն ամրագրի փաստաթղթով, սակայն երեք պետության ղեկավարները հակադարձել են, որ «Ալիևը չի ուզում իր ժողովրդի աչքին դավաճան երևալ»։ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը դիտմամբ տապալել է բանակցային գործընթացը:
Արմեն Աշոտյան - Տապալելով հայամետ կոնստրուկտիվ գործընթացում, զրոյացնելով հայանպաստ արդյունքները՝ նա բերել է պատերազմ մեր գլխին:
Թե ինչպես է ձայնագրությունը հայտնվել Սերժ Սարգսյանի ձեռքին, Արմեն Աշոտյանը ասաց՝ չի կարող պատմել, այդուհանդերձ հայտնեց՝ այն արվել է 2018-ի նոյեմբերին, երբ Արցախի այն ժամանակ նախագահ Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու Արայիկ Հարությունյանը իր կուսակիցների հետ եկել է Փաշինյանի հետ հանդիպման:
Արմեն Աշոտյան - Եղել է պաշտոնական մաս, կամերաները հանել են, և եղել է այդ խոսակցությունը, այդտեղ էլի հետաքրքիր բաներ կան, ասեմ ձեզ:
Հարցին՝ հնարավո՞ր է այդ ձայնագրությունը Սերժ Սարգսյանին է տրամադրել այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Աշոտյանը բացասական պատասխան տվեց:
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ հանրապետական Աշոտյանը հայտարարեց՝ եթե ընդդիմադիր դաշտը շարունակի աշխատել այնպես, ինչպես քարոզարշավի այս 5 օրերին, ապա հունիսի 20-ին կարձանագրվի Նիկոլ Փաշինյանի իշխանության տոտալ պարտությունը:
Արմեն Աշոտյան - Շատ կարևոր է, որ իրական ընդդիմադիր դաշտում որևէ բևեռ չտարվի անհատական խաղով, անձնական խաղով: Ֆուտբոլից գիտենք՝ անհատական խաղը լավ է, բայց մեզ պետք են գոլեր, և այդ գոլերը խփելու ենք հունիսի 20-ին:
Աշոտյանի գնահատմամբ՝ իշխող քաղաքական ուժի վարկանիշը գահավիժում է, և այդ մասին վկայող փաստերը, ըստ նրա, շատ են:
Արմեն Աշոտյան - 2018 թվականի համեմատ բազմամարդ հանրահավաքներին փոխարինել են բերովի մարդկանցով թատերական ներկայացումները՝ սակավամարդ, ինչպիսին եղան Գյումրիում, Վանաձորում:
Իսկ ընտրական գործընթացի փուլում, ըստ Արմեն Աշոտյանի՝ կլինեն քաղաքացիական բախումների և սադրանքների փորձեր:
Արմեն Աշոտյան - Ես իմ ժողովրդին կոչ եմ անում լինել մաքսիմալ հավաք, զուսպ, մաքսիմալ պատասխանատու, այս ատելության մթնոլորտը պետք է վերացնել, սակայն պետք է վերացնել այս ատելության ծնող պատճառը՝ Նիկոլ Փաշինյանին: Վերացնել՝ քաղաքական իմաստով եմ ասում:
Նախկին իշխանության ներկայացուցիչը ընդունում է՝ իրենց ղեկավարման տարիներին թեև ամեն ինչ իդեալական չի եղել, սակայն մարդիկ ունեցել եմ կայունության և կանխատեսելիության զգացողություն, այժմ քաղաքացիներին հուզող հարցերը լրիվ այլ են:
Արմեն Աշոտյան - Էս ամեն ինչը բերել է մեր հանդեպ կարոտի, ինչքան ապիկար պետք է լինեն, որ էդ համաժողովրդական սերը երեք տարում վերածել ատելության, ու նենց անել, որ մարդիկ ուզենան մեզ հետ բերել:
Իսկ փաստը, որ ընտրությանը 26 ուժ է մասնակցում, Արմեն Աշոտյանի խոսքով՝ քաղաքական քաոսի մասին է վկայում: