Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: Արտաքին քաղաքական այս օրակարգով է ընտրություններին մասնակցում Հայաստանի եվրոպական կուսակցությունը: Քաղաքական ուժը չի առաջարկում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն այդ պետության ներկայիս ղեկավարության գործողությունները հակահայկական է համարում: Այս և այլ պատճառներով է, որ Երևանը պետք է փոխի արտաքին քաղաքական վեկտորը, հայտարարում է կուսակցության ցուցակի առաջին համար Տիգրան Խզմալյանը:
Տիգրան Խզմալյան («Հայաստանի Եվրոպական կուսակցություն» նախընտրական ցուցակի 1-ին համար) - Մենք համարում ենք մահաբեր Հայաստանի պետականության և հայ ժողովրդի համար օր ավելին մնալ հայ-ռուսական դաշինքում, որը կոչվում են, բնույթը 100 տարի նույնն է:
Այդ քաղաքականությանը զուգահեռ պետք է նախաձեռնել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց: Տիգրան Խզմալյանը համոզված է՝ այլ անվտանգային համակարգում գտնվելը հնարավորություն կստեղծի Հայաստանի օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Ընդ որում՝ Խզմալյանի համոզմամբ, այս լուծմանը հնարավոր կլինի հասնել բանակցությունների միջոցով: Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմքում պետք է լինի Եվրամիության հետ վավերացրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ ՍԵՊԱ-ն: Հարցին, թե ի՛նչ շանսեր ունի կուսակցությունը գալիք ընտրություններում, Խզմալյանը արձագանքում է՝ արտահերթը լավ հնարավորություն է՝ ստուգելու հանրային տրամադրությունները:
Նախընտրական ծրագրի դրույթները հանրությանը հասցնելու համար կուսակցությունում պատրաստվում են մարզային այցեր սկսել, որի շրջանակում համերգներով հանդես կգա Ռուբեն Հախվերդյանը: Հայտնի երգահանը Հայաստանի եվրոպական կուսակցության ցուցակի երկրորդ համարն է: