Այսօր ունենք նոր որակի հայ կինո, երիտասարդներ, որոնք իրենց ֆիլմերով արտացոլում են իրականությունն ու հետաքրքրում միջազգային հանրությանը՝ համոզված է ռեժիսոր, կինոքննադատ, «Չտեսնված կինո» նախագծի հաղորդավարը:
Այդպիսի գործերից է Կրակովի կինոփառատոնին օրերս ներկայացված Րաֆֆի Մովսիսյանի դեբյուտային «Ժամանում» կարճամետրաժ ֆիլմը, որը Եվրոպայի ամենահին ու հեղինակավոր այդ իրադարձությանը մասնակցող առաջին հայկական կինոնկարն է։
Րաֆֆի Մովսիսյան (ռեժիսոր, կինոքննադատ) - Ես մտածում էի, որ այն կինոն, որը ես պիտի նկարեմ, պիտի լինի իրականությունից վերցրած և անդրադառնա այսօրվա խնդիրներին, որոնք անհանգստացնում են, հուզում են: «Ժամանում» ֆիլմը այդ ամենի արտացոլանքն է: Ֆիլմը պատմում է Հայկ անունով տղամարդու մասին, որը վերադառնում է Ռուսաստանից արտագնա աշխատանքից՝ ընտանիքի հետ Ամանորը տոնելու և հասկանում է արդեն տանը, որ ընտանիքի հետ բաժանումը ոչ միայն ֆիզիկական ու աշխարհագրական է, այլև ներանձնային հարաբերությունների մեջ է: Ընտանիքում դիրքը կորցնելու և այդ դիրքին վերադառնալու ցանկության մասին է:
Ֆիլմի գաղափարը ծնվեց 3 տարի առաջ: Երազանքի ճանապարհին Րաֆֆին բախվեց սեփական վախերին, սակայն կինոքննադատը խիզախեց և ֆիլմ նկարահանեց:
Ֆիլմն ավարտելուց հետո պրոդյուսեր Վարդան Հակոբյանի հետ դիմել են հինգ փառատոնի։ Կրակովում ներկայացվել է 1200 կարճամետրաժ խաղարկային ֆիլմի հայտ, մրցութային ծրագրում ներառվել են 11-ը, այդ թվում՝ «Ժամանումը»։ Ֆիլմը ստեղծվել է KinoKét փրոդաքշնի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ ջանքերով:
Վարդան Հակոբյան (պրոդյուսեր) - Կրակովը հաստատվեց, որը դեբյուտային ֆիլմի համար բավականին լավ տրամպլին է։ Հիմա սպասում ենք մեկ տասնյակից ավելի փառատոների պատասխանին։
Րաֆֆին լավ նորություններով է վերադարձել Լեհաստանից, հուսով է՝ ապագայում կկարողանա օգտվել համատեղ արտադրության հնարավորությունից և զարգացման նոր հարթակներից։ Չնայած նշանակալի ձեռքբերումներին՝ Րաֆֆին այդքան էլ գոհ չէ ֆիլմից, սխալների ուղղումն առջևում է։
Րաֆֆի Մովսիսյան - Եթե ես լինեի իմ ֆիլմի քննադատը, կասեի, որ ինձ չհաջողվեց ամբողջությամբ փոխադրել էկրանին այն միտքը, որը ես ունեի, դա գալիս էր նաև փորձի պակասից: Ես երբեք առիթ չէի ունեցել լինել նկարահանման հրապարակում, ես ուղղակի վախեցած էի, որ այդքան մարդ սպասում է, որ ես ինչ-որ բան պիտի ասեմ:
«Ժամանումն» արդեն մեկ անգամ ցուցադրվել է Երևանում՝ Կինոյի օրը: Հեղինակները հուսով են, որ ֆիլմի հայկական պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերին՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում։ Այժմ Րաֆֆին աշխատում է նոր նախագծի վրա՝ քաղաքական սատիրայի ժանրում: Որպես կինոքննադատ՝ իրեն խոստանում է լինել ավելի համբերատար, չհետևել անխտիր բոլոր խորհուրդներին, փորձել ինքնուրույն բացահայտել իր մեջ թաքնված կինոն ու արվեստը։