«Թալիբան» արմատական շարժումը պահանջել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ իր զորքերը դուրս բերի Աֆղանստանից: Այս մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը:
Նա մասնավորապես նշել է. «Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Աֆղանստանից՝ հիմնվելով Միացյալ Նահանգների հետ 2020 թ. փետրվարի 29-ին ստարագրված պայմանագրի վրա: Թուրքիան մեծ մահմեդական երկիր է, և Աֆղանստանը պատմական կապեր ունի նրա հետ: Հուսով ենք, որ Անկարայի հետ սերտ ու լավ հարաբերություններ կունենանք ապագայում մեր երկրում իսլամական նոր կառավարության ստեղծումից հետո»:
Այս կերպ «Թալիբանը» պատասխանել է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի օդանավակայանը Թուրքիայի զինված ուժերով պաշտպանելու Անկարայի առաջարկին: Այս հարցը նախատեսված է քննարկել հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
2021 թ. ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ծրագրում է մայիսին սկսել ամերիկյան զորքերի դուրսբերումը Աֆղանստանից: Գործընթացն ավարտվելու է մինչև 2021-ի սեպտեմբերի 11-ը:
ՆԱՏՕ-ի գլխավորած «Վճռական աջակցություն» առաքելության կազմում Աֆղանստանում տեղակայված է 500 թուրք զինծառայող: