9 մլն դրամ ընտրակաշառք փոխանցելու պահին ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանը, որը գործարքի մեջ է մտել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակչի հետ: Ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք տան բակ են նետել իրենց ձեռքի պոլիէթիլենային տոպրակով գումարը, որը իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրի զննությամբ: Երկուսն էլ ձերբակալվել են: Հարուցվել է քրեական գործ:
Նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով օրեր առաջ էլ ձերբակալվել էին նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարն ու նույն գրասենյակի քարտուղարը: Կրկին քրեական գործ էր հարուցվել: ԿԸՀ-ն այսօր բավարարել է ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու Դատախազության միջնորդությունները: Այս գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս 7 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ ընտրակաշառք տալու, 6-ին՝ ընտրակաշառք ստանալու կասկածանքով:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻՋԱՄՏԵԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ
Ոստիկանությունն էլ հերքել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի հայտարարությունը, թե իրենք Սյունիքի Արծվանիկ գյուղում անօրինական կերպով միջամտել են նախընտրական գործընթացներին։ Ոստիկանները իսկապես այցելել են համայնքի բնակիչներին՝ բացատրություններ վերցնելու այն մասին, որ Արծվանիկի վարչական ղեկավարը բնակիչներին պարտադրել է ընտրություններում քվեարկել ուժերից մեկի օգտին և հայտարարել, որ հակառակ դեպքում նրանց կզրկի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ պոչամբարի համար պայմանագրով տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունից։
Դատախազությունը կոչ է անում հանցավոր հարաբերությունների մեջ չմտնել ու զերծ մնալ ընտրություններին առնչվող ապօրինի գործողություններից: