«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից առաջ կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպումը: Քարբիս Բեյ փոքր քաղաքում երկու պետության ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, համավարակի դեմ պայքարին, կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցեր: Հանդիպման գլխավոր արդյունքը համարվում է Բայդենի ու Ջոնսոնի կողմից նոր Ատլանտյան խարտիայի ստորագրումը: Կողմերը «հավատարիմ են մնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և վեճերի խաղաղ լուծման սկզբունքներին»: Նրանք պարտավորվում են ամրապնդել ֆինանսական կայունությունը և թափանցիկությունը, պայքարել կոռուպցիայի և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ: Բացի այդ, Լոնդոնը և Վաշինգտոնն ընդունել են կլիմայի փոփոխության դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորել առողջապահության ոլորտում համագործակցության ամրապնդումը: Նոր փաստաթուղթը համեմատում են 1941 թվականի Ատլանտյան խարտիայի հետ, որը ստորագրել էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը և ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը: Այն համարվում է հակահիտլերյան կոալիցիայի հիմնական փաստաթղթերից մեկը:
Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման ժամանակ Ժնևի երկինքը կփակվի: Շվեյցարիայի կառավարությունը որոշում է ընդունել Ժնևի օդային տարածության օգտագործումը հունիսի 15-17-ը ժամանակավորապես սահմանափակելու մասին, որը կապված է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացման հետ: Ռազմաօդային ուժերը կապահովեն օդային տարածության խստացված հսկողությունը: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դա չի վերաբերում Ժնևի միջազգային օդանավակայան ժամանող կամ այստեղից մեկնող առևտրային չվերթերին:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը մինչև սեպտեմբերի 6-ը Վրաստանի կառավարությանը 10 միլիոն եվրո փոխհատուցում վճարել՝ 1500 քաղաքացու զանգվածային արտաքսման համար, ներառյալ՝ տոկոսադրույքները, կամ ստորագրել փոխըմբռնման հուշագիր: Այն թույլ կտա փոխհատուցումն իրականացնել Եվրոպայի խորհրդի միջոցով: Որոշումը կայացրել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հունիսի 7-9-ը Ստրասբուրգում կայացած նիստի ժամանակ: Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության՝ 2021 թ. մարտի և հունիսի նիստերում Ռուսաստանի դիրքորոշումն այլևս վճարելուց հրաժարվելն էր, փոխարենը պատրաստակամություն էր հայտնում փոխհատուցումը փոխանցել ԵԽ-ին և հուշագիր ստորագրել Եվրոպայի խորհրդի հետ:
Եվրամիության երկրների քաղաքացիները և ռեզիդենտներն, ովքեր լրիվ պատվաստում են անցել ուղևորությունից առնվազն 14 օր առաջ, կարող են ազատ տեղաշարժվել Միության սահմաններում: Այսօր Twitter-ում հայտնել Է Եվրամիությունում Պորտուգալիայի նախագահությունը: Եվրահանձնաժողովի համապատասխան առաջարկությունը հաստատել են Եվրամիության 27 երկրները: