Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը ժամանակից շուտ աշխատանքի վերադառնալու դեպքում կարող է օգտվել «Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագրից:
Պետությունը վճարում է դայակի կամ վճարովի մանկապարտեզի ծախսի կեսը: Այս տարի ծրագիրը շարունակվում է. արդեն օգտվել է 245 քաղաքացի։ Նախատեսվում է, որ այս տարի ծրագիրը կիրականացվի 600 շահառուի համար:
Ժորա Սարգսյան (ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Աջակցությունը ցուցաբերվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը, և յուրաքանչյուր ամիս է տրամադրվում աջակցությունը, ոչ ավելի, քան պայմանագրով նախատեսված գումարի կեսը՝ դայակի հետ կնքված պայմանագրի, որը տվյալ պարագայում կարող է լինել առավելագույնը 68 հազար դրամ՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում ներկայումս նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է:
Շահառու դառնալուց հետո աջակցությունը տրամադրվում է ամեն տարի՝ 11 ամիս՝ մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը:
Ժորա Սարգսյան - Օրինակ՝ եթե դայակի և ծնողի միջև կնքվում է պայմանագիր 136 հազար դրամ վարձատրությամբ, տվյալ պարագայում մենք պատրաստ ենք աջակցել այդ պայմանագրով նախատեսված գումարի կեսի աջակցության չափով, որը տվյալ պարագայում կստացվի 68 հազար դրամ, ինչն էլ մեր առավելագույն աջակցության չափն է:
1 տարեկան Դավթի մայրիկն արդեն երկու ամիս՝ ծրագրի շահառուներից է: Պետությունը անկանխիկ եղանակով վճարում է փոքրիկի մանկապարտեզի վճարի՝ 80 հազարի կեսը:
Եվա Քոչարյան (ծրագրի շահառու) - Ի սկզբանե մտածեցինք՝ կարող է երեխան փոքրիկ է, հետո մտածեցինք՝ ինչ-ինչ, դա երեխայի համար էլ է կարևոր՝ իմ աշխատանքի գնալը, ու մասնագիտական նոր ձեռքբերումներն ավելի կարևոր են, ու այդ նպատակով էլ վերադարձել եմ աշխատանքի:
Մասնագիտությամբ տնտեսագետ մայրիկն ասում է՝ երկու ամիսն էլ բավարար էր, որ համոզվեր՝ երբ ինքն աշխատանքի է, երեխան ապահով ձեռքերում է:
Եվա Քոչարյան - Շատ լավ նախագիծ է, լավ կլինի, որ հետագայում էլի այսպիսի հնարավորություններ ընձեռվեն երիտասարդ ընտանիքներին:
Եվան ընդգծում է՝ ծրագիրը հնարավորություն է տալիս կանանց չկորցնել աշխատունակությունն ու մրցունակ լինել:
Ժորա Սարգսյան - Ժողովրդագրության հետ կապված խնդիրները կարող են նաև ոչ ուղղակիորեն աջակցել, քանի որ որոշ դեպքերում մայրերը երեխա ունենալու որոշմանը կարող են գալ, քանի որ հետագայում կարող են կազմակերպել իրենց երեխայի խնամքը և վերադառնալ աշխատանքի:
Ժորա Սարգսյանը նաև ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություններ է նշում: