Գեորգի Գյուրջիևի մեղեդիները, որ հայազգի մեծ փիլիսոփան, գեղագետը, կոմպոզիտորն ու պարուսույցը հավաքել է Արևելքում իր 20-ամյա ճամփորդության ընթացքում, հնչում են Լևոն Էսկենյանի մշակումներով: Հայաստանից Իրան, ապա Տիբեթ և Հնդկաստան իր ճանապարհին՝ միստիկ փիլիսոփան ուսումնասիրում էր տարբեր կրոնները, հավատալիքներն ու ծեսերը՝ այդ ամենն ամբողջացնելով ոչ միայն իր փիլիսոփայության, այլև երաժշտության մեջ:
Ամեն ինչ ուրիշներից տարբեր անելու՝ տատիկից ժառանգած պատգամով Գյուրջիևը Ալեքսանդրապոլից հասավ մինչև Փարիզ և Արևմուտքի մեծ գեղագիտական կենտրոններ: Նա ստեղծեց իր ուսմունքը՝ «Մարդու հարմոնիկ զարգացման դպրոցը», որը մեծ ճանաչում բերեց նրան: Արևմուտքում բացված բազմաթիվ դպրոցներն ու հետևորդներն այսօր էլ շարունակում են գյուրջիևյան տեսության քարոզչությունը, մինչդեռ Հայաստանում այժմ միայն փորձում են վերաիմաստավորել մեծ մտածողի ժառանգությունը:
Սկսած 2008-ից «Գյուրջիև» անսամբլը տարածում է նրա երաժշտությունը, ապա ծրագիրն ընդլայնվեց Կոմիտասի, հայ հոգևոր, աշխարհիկ և աշուղական երաժշտության կատարումներով, բայց քարոզչության հիմքում մնում է Գյուջիևը: Վերջին շրջանում լույս են տեսել նաև Գյուրջիևի գրքերի հայերեն հրատարակությունները:
Մարդկային մտքի ու մարմնի կատարյալ ներդաշնակության ձգտումը Գյուրջիևի ուսմունքի առանցքն էր, իսկ մարդու փոխակերպման հիմնական գործիքներից մեկը՝ մշտական ինքնադիտարկումը: Եվ այսօր էլ աշխարհի շատ գյուրջիևյան կենտրոններում հնչում է նրա ուղերձը. «Կյանքն իրական է միայն, երբ ես ես եմ»: