Արցախցիների համար 44-օրյա պատերազմի սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով կառավարությունը տարեվերջին հաստատեց աջակցության մի շարք ծրագրեր: Արդեն այսօր՝ եռակողմ հայտարարությունից 7 ամիս անց, բնակիչների 97 տոկոսն աջակցություն է ստացել 20 ծրագրից որևէ մեկով:
Ագնեսա Աղաբաբյան (ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ) - Ծրագրերից առաջինը, որ ընդունվեց, դրանք 300 հազար և 250 հազար դրամ աջակցության գումարներն էին: 300 հազար դրամները նշանակվեցին և վճարվեցին այն անձանց, ովքեր փաստացի բնակվել կամ հաշվառված էին եղել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում:
Իսկ 250 հազար վճարվեց Արցախում ավերված անշարժ գույքի սեփականատիրոջը և ընտանիքի յուրաքանչյուր անդամին: Արցախում հաշվառված և պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացու կորցրած եկամուտը վերադարձնելու համար իրականացվել է 68 հազար + 15 հազար դրամ աջակցության ծրագիրը:
Նոնա Սարգսյան (ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության կազմակերպությունների, քաղաքացիների և օտարերկրյա պետությունների հետ գործակցության վարչության պետ) - Արցախի սոցիալական աջակցության ծրագրերից օգտված շահառուների վիճակագրական պատկերը հետևյալն է. առաջին փուլով 68 հազար + 15 հազար ծրագրից օգտվել են 101 հազար շահառուներ: 300 հազար դրամ աջակցության ծրագրով բավարարվել է 35885 շահառուի դիմում, որոնք փաստացի ստացել են այդ աջակցության գումարը:
Արցախցիներին իրենց տանը կամ հյուրատներում կացարան հատկացրած անձինք նույնպես աջակցություն են ստացել. 30 հազար դրամ՝ հյուրընկալած յուրաքանչյուր չափահաս անձի համար՝ ՀՀ-ում, 45 հազար դրամ՝ Արցախում: Ծրագրից ամսական օգտվել է շուրջ 3500 քաղաքացի:
Նոնա Սարգսյան - Հյուրընկալության ծրագրով պոտենցիալ շահառուներ են համարվում նաև իրավաբանական անձինք, ովքեր իրենց հյուրընկալությունն են ցուցաբերել Արցախի բնակիչներին: Այս ծրագրից օգտվել է 340 իրավաբանական անձ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծառայությունները հոգացել են, որ աջակցությունը հասնի արցախցուն: Ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի կողմից իրականացվել են աջակցության միջոցառումներից 6-ը: Դրանցից մեկն արդեն ավարտված է:
Արտակ Հարությունյան (ՀՀ ԱՍՀՆ ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ) - Դա մարզերում հրետակոծության պատճառով հասցված վնասների փոխհատուցման ծրագիրն է: Դիմել են Սյունիքի մարզից: Պլանավորված եղել են ի սկզբանե 123 շահառու:
Յուրաքանչյուր շահառուի տրվել է փոխհատուցում՝ ըստ հասցված վնասի չափի: Ընդհանուր առմամբ՝ 120 շահառուի տրվել է 52 մլն դրամի չափով փոխհատուցում: Ավարտական փուլում է նաև ստացիոնար բուժում ստացած, սակայն հաշմանդամության խումբ չունեցող կամ երրորդ խումբ ունեցող անձանց սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումը:
Արտակ Հարությունյան - 7000 շահառուի համար պլանավորված էր, 7000-ի համար վճարումները կատարված են: Յուրաքանչյուր շահառուին՝ 500 հազար դրամի սահմաններում:
Լրացուցիչ դիմումներով փոխհատուցում կտրամադրվի ևս 420 շահառուհի: Ընդհանուր առմամբ՝ միջոցառման շահառուների թիվը 7420 է: Սա զինծառայողներին վերաբերող միակ միջոցառումն է, որն իրականացնում է այս նախարարությունը:
Արտակ Հարությունյան - Վերջին միջոցառումը վարչության կողմից իրականացող քաղաքացիական անձանց շրջանում զոհերին, անհայտ կորածներին, գերեվարվածներին ընտանիքներին աջակցության տրամադրումն է, ինչպես նաև հաշմանդամություն ստացած անձանց: Սա բացառապես վերաբերում է քաղաքացիական անձանց: Եվ զինծառայողներն այս միջոցառման շահառու հանդիսանալ չեն կարող:
Ներկայումս շարունակվող՝ 4 ամիս ժամկետով 68 հազար դրամ աջակցության ծրագրից արդեն օգտվել է շուրջ 80000 շահառու: Իր առջև ծառացած մարտահրավերներին պետությունը կարողացավ պատշաճ արձագանքել՝ նշում է Արտակ Հարությունյանը:
Արտակ Հարությունյան - Փորձել ենք հնարավորինս դարձնել թիրախային և հասցեական, միաժամանակ նաև մեր առաջ սկզբունք դնելով՝ հնարավորինս քիչ փաստաթուղթ պահանջել շահառուներից: Սա է եղել սկզբունքը, կարծում եմ՝ միջոցառումներն արդյունավետ են եղել:
Նախարարությունն իրականացրել է նաև զբաղվածության ծրագրեր: Դրանցից մեկով արցախցիները կարող էին 3 ամսով վերապատրաստում անցնել՝ ստանալով 100 հազար դրամ աշխատավարձ: Ծրագրին մասնակցել է շուրջ 900 շահառու: