Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) նոր զեկույց է հրապարակել, որում անդրադարձել է Շվեդիայի ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկին։
Ըստ զեկույցի՝ Bombardier Transportation ընկերության շվեդական մասնաճյուղի նախկին ղեկավար Թոմաս Բիմերը մեղադրվում է կաշառակերության համար։
Բիմերը դատարանի առջև է կանգնելու 2013-ին Ադրբեջանում Bombardier-ի շահած մրցույթում ի հայտ եկած կոռուպցիոն գործարքում ունեցած դերակատարման համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ադրբեջանում երկաթուղու մի մասի վրա ազդանշանային համակարգեր տեղադրելու 350 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի համար Bombardier-ը 100 մլն դոլար կաշառք է վճարել երկաթուղու առնվազն մեկ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի:
Բիմերը՝ որպես նախագծի պատասխանատու բաժնի ղեկավար, տեղյակ է եղել ադրբեջանցի հաճախորդի և Bombardier-ի համագործակցության մասին։
Նշվում է, որ ադրբեջանական երկաթուղու կաշառված պաշտոնյան ներկայացնում է տեղական Trans-Signal-Rabita (TSR) ընկերությունը, որը մրցույթը շահել է շվեդական ընկերության հետ:
Հոդվածում շեշտվում է նաև, որ վերոնշյալ գումարից մասնաբաժին են ստացել նաև Ադրբեջանի երկաթուղային մարմինների աշխատակիցները:
Նախկինում Bombardier-ի շվեդական մասնաճյուղի նախկին տնօրենը ևս կասկածվում էր կաշառակերության մեջ: