Կրթությունը և գիտությունը պետք է դիտարկել որպես առաջնահերթություն: Քարոզարշավի հինգերորդ օրը «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը գիտությունների ազգային ակադեմիայի մոտ է՝ ցույց տալու՝ այստեղ խորհրդային տարիներին համաշխարհային մակարդակով մեծ ներուժ էր կենտրոնացված:
Տիգրան Ուրիխանյան («Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Խորհրդային կազմի Հայաստանը և հայ ժողովուրդը կարողանում էին ոչ միայն առաջավոր փորձ կիրառել համաշխարհային մակարդակի հայտնագործությունների, դրանց կիրառման, դրանից բխող զարգացման վրա ազդեցության իմաստով, այլև լինել, դառնալ առաջամարտիկը այնպիսի ուղղությունների, որոնք կիրառվում են զարգացած երկրներում
Ուրիխանյանը շեշտում է՝ գիտության զարթոնքի համար իրենց ծրագրերը կոնկրետ են և կարճաժամկետ: Հիշեցնում է՝ Ակադեմիայի նախկին նախագահներից Ֆադեյ Սարգսյանի գրառումը՝ իրենց թիմի աջակից, Ռուսաստանում հայերի միության նախագահի մասին՝ 90-ականներին, դժվար ժամանակաշրջանում Արա Աբրահամյանը կարողացավ փրկել Ակադեմիան՝ նյութական և բարոյական աջակցությամբ:
Տիգրան Ուրիխանյան - Մենք համարում ենք, որ Ակադեմիայի կառուցվածքում գործող մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ շեշտակի ուշադրության անհրաժեշտություն ունեն, պետության կողմից, կառավարման օպերատիվ ռեժիմով կատարելագործվելու, տեխնոլոգիական անհրաժեշտ սարքավորումներով ապահովվելու:
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն իր ծրագրում ունի առաջնահերթություն՝ գիտնականների համատեղ ուժերով Հայաստանի և սփյուռքի համար ստեղծել ազգային սոցիալական ցանց:
Տիգրան Ուրիխանյան - Ինչո՞ւ Հայաստանի գիտության ոլորտը համապատասխան գերատեսչությամբ հանդերձ, իր վարչություններով, վերլուծաբաններով, օժանդակ ստորաբաժանումներով չի կարող դա նախաձեռնել, չէ՞ որ մենք ունենք պոտենցիալ՝ 10 միլիոն հայերն են:
Ուսուցիչը, դասախոսը, գիտնականը պետք է բարձր վարձատրվեն, որ զբաղվեն միայն իրենց գործով՝ չմտածելով այլ աշխատանքի մասին: Հարց է տալիս՝ կա՞ն միջոցներ կրթության և գիտության մասնագետների գումարները բարձրացնելու համար: Եվ ինքն էլ պատասխանում՝ բավական է հետևել այս օրերին խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկումներին:
Տիգրան Ուրիխանյան - Ամսի 15-ին լիագումար նիստում սկսվող քննարկումները ձեր ուշադրության ներքո առեք և իմ առաջարկով հանեք առնվազն մի քանի հարյուր միլիարդ դրամի հասնող գումարի չափով հոդվածներ պետական բյուջեից, որոնք ունեն երկրորդական-երրորդական նշանակություն մի երկրում, որտեղ պատերազմ է փաստացի:
Եթե իշխանության գան, ամենաուշը երեք տարվա ընթացքում խոստանում են զարգացնել կրթության և գիտության ոլորտը: Պատրաստ են ստանձնել պատասխանատվություն Հայաստանի գոյության համար: