Այսօր Անգլիայի հարավարևմտյան Քոռնուոլի դքսության Քարբիս Բեյ առողջարանում մեկնարկում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի ղեկավարների G7-ի ձևաչափով բանակցությունները: «Մեծ յոթնյակի» պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կտևի մինչև հունիսի 13-ը: Որպես հյուր հրավիրվել են Ավստրալիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Սա լինելու Է G7-ի ղեկավարների առաջին հանդիպումը COVID-19-ի համավարակի սկսվելուց ի վեր: Գագաթնաժողովը կդառնա բարձր մակարդակով առաջին խոշոր միջազգային անմիջակա հանդիպումը, որին որպես ԱՄՆ-ի նախագահ կմասնակցի Ջո Բայդենը: Գագաթնաժողովի հրապարակված օրակարգի համաձայն՝ այսօր առաջնորդները կքննարկեն տնտեսության վերականգնումը համավարակից հետո, իսկ վաղը՝ աշխարհաքաղաքական մարտահրավերները: Հունիսի 13-ին ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի և Չինաստանի հետ կապված հարցերը:
Գագաթնաժողովից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն հասցրել է մի շարք հանդիպումներ անցկացնել Մեծ Բրիտանիայում, ուր երեկ է ժամանել: Բայդենը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ Անգլիայի Քարբիս Բեյ հանգստավայրում: Սա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին արտասահմանյան շրջագայությունն է: Այցը համաեվրոպական է, առաջին կանգառը՝ Մեծ Բրիտանիան: Բայդեն-Ջոնսոն հանդիպումը, վերլուծաբանների կանխատեսումներով, նոր մակարդակի վրա կդնի Վաշինգտոն-Լոնդոն հարաբերությունները: Ղեկավարների միջև ստորագրվել է Ատլանտյան նոր խարտիան` Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ժողովրդավարությունն ու հավաքական անվտանգությունը խթանելու համար: Ըստ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ խարտիան կկազմվի 1941 թվականի ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի ընդունած պատմական հռչակագրի օրինակով: G7-ի գագաթնաժողովից հետո Բայդենը կնոջ հետ կհանդիպի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն՝ Վինձորի ամրոցում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակն Արցախում, Սիրիայում և Լիբիայում, հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարների հանդիպումը նախատեսված է հունիսի 14-ին՝ Բրյուսելում: Մակրոնը նաև ասել է, որ մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունն ու դաշնակիցների հարաբերություններում վարքի կանոնները: Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ պետք է հարցերը դեմ առ դեմ քննարկել, անգամ երբ տարաձայնություններ կան Էրդողանի հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եվրոպացիներին կոչ է արել ամառային արձակուրդի ընթացքում ճանապարհորդելիս պահպանել զգոնությունն ու զգուշավորությունը: ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն շեշտել է, որ արձակուրդային սեզոնով պայմանավորված՝ սոցիալական հավաքների թվի ավելացումը, բնակչության ավելի ակտիվ տեղաշարժը, խոշոր տոնակատարությունները և մարզական միջոցառումները կորոնավիրուսի տարածման ռիսկ են պարունակում: Վերջին երկու ամսվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերը, ինչպես նաև մահացության թիվը նվազել են։ Այս դրական դինամիկայի արդյունքում եվրոպական 36 երկիր մեղմացրել է սահմանափակումները։