Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժմանը և պահպանվող սահմանային լարվածությանը:
«Շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ Վաշինգտոնից, ԱՄՆ կառավարությունից արված հայտարարությունների մեջ: Կցանկանայինք, որ կողմերը հետ քաշվեն մայիսի 11-ի դիրքեր, վերատեղակայվեն այնտեղ, որտեղ մայիսի 11-ին էին, որպեսզի կարողանանք խուսափել նման բախումներից։ Չսահմանազատված սահմանին առկա են զորքեր, որոնք շատ մոտ են իրար, և անխուսափելի է, որ խնդիրներ, բախումներ, վիրավորներ, մահեր չլինեն։ Ցանկանում ենք տեսնել զորքերի հետքաշում, որպեսզի այդչափ մոտ չլինեն միմյանց։ Այժմ որևէ պատճառ չկա ռազմական նման տեղաշարժերի համար։ Հետո կցանկանայինք տեսնել սահմանազատում, սակայն ավելի կարևոր է զորքերը հետ քաշել, որպեսզի հակամարտությունը հնարավոր լինի ամբողջովին լուծել»,- նշել է Ֆ. Ռիքերը:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային առաջարկին՝ միջազգային դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։ «Խաղաղապահ որոշակի մեխանիզմի կամ դիտորդների մասին խոսակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի մի մասն էր, որը տարիների ընթացքում քննարկվել է։ Կարևոր է, որ վերադառնանք գործընթացին և տեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել հակամարտության ավարտին։ Համանախագահները կարող են ստեղծարար լինել՝ աշխատելով երկու կողմերի հետ»,- նշել է նա:
Ռիքերը կարևորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունները։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր և վստահություն է հայտնել, որ այստեղ շատ պայծառ ապագա կա։