Երևանի Պուշկինի փողոցում գտնվող մի շարք հուշարձան շենքեր դուրս են եկել հանրային գերակա շահ ճանաչվելու ցանկից։ Համապատասխան որոշումը Կառավարությունը կայացրեց հունիսի 10-ի նիստում։
Այդ տարածքներն են՝ Պուշկինի 4, Պուշկինի 8, Պուշկինի 10/1, Պուշկինի 10, Պուշկինի 10 բն 3, Պուշկինի 10 տարածք 6 հասցեները. դա Երևանի Պուշկինի փողոցից դեպի Սախարովի հրապարակ պարփակված տարածքներն են, որոնք Կենտրոնի կառուցապատման համար ընդգրկվել էին հանրային գերակա շահ ճանաչված գույքերի ցանկում։ Այս որոշման հիմքում Կառավարությունը դրել է այն փաստը, որ կառուցապատումը չի կարող ճանաչվել հանրային գերակայություն, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվել համապատասխան որոշման ուժի մտնելուց 7 տարի անց. «Հարկ է նկատի ունենալ, որ 2013 թ.-ից առ այսօր քաղաքաշինական միասնական կառուցապատումը, ըստ էության, տեղի չի ունեցել, և գերակա շահ ճանաչելու որոշման հիմքում ընկած նպատակի իրագործում փաստացի տեղի չի ունեցել»,- նշվում է Կառավարության հիմնավորումներում։
Նշված տարածքները 2008-ին ճանաչվել են հանրային գերակա շահ։ Դրանցից մեկն էլ սփյուռքահայ գործարար Ժիրայր Ավանյանին պատկանող «Դոլմամա» ռեստորանն էր, որի շուրջ մինչ այժմ էլ ընթանում են դատական գործընթացներ։ Այդ տարածքները պետք է օտարվեին «Լոկալ դեվելոփերս» ընկերությանը, որը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին։ Կառավարությունը նաև իր որոշմամբ հաշվի է առել այն հանգամանքը, որ չնայած նշված տարածքների ձեռք բերող ճանաչված անձը արդեն իսկ հանդիսանում է դրանց մի մասի սեփականատեր, միևնույն ժամանակ նույն որոշման հավելվածում նշված մի շարք հասցեների նկատմամբ սեփականության իրավունք դեռևս ձեռք չի բերվել, այդ հասցեներում գտնվող գույքերը համարվել են պատմամշակութային հուշարձաններ, ու անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել նշված տարածքում հանրության շահի հնարավոր առկայության հարցը։
«Դոլմամա»-ի սեփականատեր Ժիրայր Ավանյանը «Լուրերին» ասաց՝ արդարությունը վերականգնվում է. «Ես չգիտեի, որ նման որոշում է պատրաստվում։ Մայրը, որ երեխա է ունենում, կարելի՞ է հարցնել, թե ինքը ինչպես է վերաբերվում այդ որոշմանը։ Ես շատ լավ եմ վերաբերվում»,- ասաց Ավանյանը։ Նրա փաստաբան Ալինա Ավետիսյանը նշեց՝ ավելի քան 7 տարի պայքարել են այս որոշման հասնելու համար, հույս ունեն, որ Կառավարության այլ որոշումներ ևս կլինեն, նաև Տերյան 23, 25, Լալայանց 37 հասցեները նույն սկզբունքով պիտի դուրս բերվեն հանրային գերակա շահ ճանաչված տարածքների ցանկից: «Այդ տարածքների քաղաքացիները մեծ ակնկալիք ունեն, որ իրենց շահերը ևս կպաշտպանվեն ու չեն անտեսվի»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ ընթացակարգային, գերակա շահ ճանաչելու հիմքերի հետ կապված աղաղակող խախտումներ են եղել. «Պուշկինի այն հատվածը, որ հանրային գերակա շահ է ճանաչվել, այդտեղ պահպանվել է միակ երևանյան հին գինեգործարանը, այդ ամենը պահպանվեց։ Այդտեղ 5 մետր խորությամբ հորեր են փորված, ճզմարաններ են եղել և այլն, այդ տարածքները ավերել, որ բարձրահարկ շենք կառուցվի, անընդունելի է»։
Ալինա Ավետիսյանը նշեց՝ Պուշկինի այդ հատվածի հետ կապված քաղաքաշինական ծրագիր գոյություն չունի, պարզ չէ, թե ի՛նչ էր այդտեղ կառուցվելու։ Հարցին, թե արդյոք Մայրապետյանի ընկերության կողմից կարո՞ղ է բողոքարկվել կառավարության որոշումը, փաստաբանն ասաց՝ հնարավոր բողոքարկման հիմքերն իրեն պարզ չեն։