Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցի շրջանակներում ժամանել էր Հայաստան: Երևանում «Ազատության» հետ զրույցում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումն է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված, ձերբակալված անձինք պետք է ազատ արձակվեն:
«ԱՄՆ կառավարությունը շարունակաբար ընդգծել է, որ բոլոր գերիները և պահվող անձինք պետք է ազատ արձակվեն և վերադառնան տուն։ Պետք է հիշենք, որ այս հակամարտությունն անդրադարձել է մարդկանց վրա, բավականին դյուրին է անմարդկային դարձնել հակամարտությունը։ Կարևոր է հիշել, որ սա մարդկանց մասին է, որոնք հակամարտության երկու կողմում են՝ մարդկանց երեխաների, ամուսինների, ծնողների մասին է, և մենք ցանկանում ենք տեսնել, որ բոլոր ձերբակալված մարդիկ ազատ են արձակվել, ցանկանում ենք տեսնել, որ վերջ է տրված ականներին և նրանց պատճառած մահերին, ցանկանում ենք տեսնել հակամարտության ավարտը և հակամարտության համապարփակ հանգուցալուծումը։ Սա այն է, ինչ Միացյալ Նահանգները աջակցել է տարիներ ի վեր՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- նշեց Ֆիլիպ Ռիքերը։
Ռիքերն ընդգծել է, որ հայ ռազմագերիների վերադարձի հարցը նա բարձրացրել է նաև Բաքվում: «Հստակորեն արտահայտել ենք նույն կետերը, որոնք առկա են մեր հրապարակային հայտարարությունների մեջ։ Պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ անհրաժեշտ է ազատ արձակել ձերբակալված անձանց՝ առաջ շարժվելու, հակամարտության բոլոր ասպեկտներին անդրադառնալու համար և հանգելու համապարփակ հանգուցալուծման»։