Մեսրոպատառ պարսկերեն ձեռագիրը հայ ինքնության պահպանման կարևորագույն վկայություններից է: Մատենադարանի ձեռագրատուն է հասել Էջմիածնի հավաքածուից: Այն Գևորգյաններին էր նվիրաբերել Թբիլիսիի Հայոց ազգագրական ընկերությունը: Հեղինակը Տեր Հակոբն է, 4 ավետարան թարգմանել է պարսկերեն ու հայատառ գրի առել: Պահանջվել է մոտ 3 տարի:
Ուշ միջնադարում իսլամական քարոզչությանը դիմակայելու համար հոգևորականները հայ գրի միջոցով են համախմբել քրիստոնյա համայնքին, պահպանել պարսկախոս ու իրանահպատակ հայության քրիստոնեական ինքնությունը:
Այս բացառիկ վկայություն առաջին անգամ է մասնագետների ուշադրության կենտրոնում: Ուսումնասիրությունից հետո՝ ամիսներ առաջ, հրատարակվել է մենագրության տեսքով: Մենագրության հեղինակը գլխավոր ձեռագրատան ավագ գիտաշխատող Հասմիկ Կիրակոսյանն է: Գրքում հեղինակն անդրադարձել է ազգային, կրոնական, քաղաքական խնդիրներին, որոնց պայմաններում էլ ստեղծվել է ձեռագիրը, նաև լեզվի պահպանությանը:
Հայատառ թուրքերենը հետազոտողների ուշադրության կենտրոնում եղել է, իսկ հայատառ պարսկերենի ուսումնասիրությունը նոր գրքով առաջին անգամ է հետազոտողների, ուսանողների ու հայի ինքնության խնդիրներով զբաղվողների սեղանին: