Հունիսի 14-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ, տեղեկացնում են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից:
Հայաստանը ևս ամեն տարի միանում է այս արշավին՝ կազմակերպելով միջոցառումների շարք, որոնց նպատակն է տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնել մշտական դոնորներին և դիտարկել արյունատվության գաղափարի ինտեգրումը որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։
Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001 թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2020 թ. կատարվել է 25000: Սակայն, անհրաժեշտ է հիշել, որ աշխարհում մշտապես կա արյան կարիք, իսկ ստեղծված պանդեմիկ իրավիճակում և դոնորների կտրուկ նվազման պարագայում՝ առավել ևս:
Արյունաբանական կենտրոնը, հանդիսանալով հանրապետությունում արյան պաշարների հավաքագրման և պահեստավորման լիազոր մարմին, պլանավորում է օրվան նվիրված միջոցառումներ։ Ամեն տարի արյան դոնորի միջազգային օրն անցկացվում է տարբեր կարգախոսների ներքո: Այս տարվա կարգախոսն է՝ «Հանձնե՛ք արյուն, որ շարունակեն բաբախել սրտերը»։
Հունիսի 14-ին՝ ժամը 9։00-13։00-ը, Արյունաբանական կենտրոնում կկազմակերպվի արյան դոնորության ակցիա, որին հրավիրված են բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են մասնակից լինել այս կարևորագույն առաքելությանը։