ԱՄՆ պետքարտուղարությունը վերանայել է Հայաստանի COVID-19-ի ռիսկայնության աստիճանը: Այն չորրորդ մակարդակից իջեցվել է երրորդ: Այդ մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքը: Գերատեսչությունը խորհուրդ է տալիս ցանկացած միջազգային ճանապարհորդություն պլանավորելիս նախապես կարդալ ճամփորդական ուղեցույցն ամբողջովին, ինչպես նաև պետքարտուղարության COVID-19-ի էջը: ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունը, այդուամենայնիվ, որոշ անվտանգային նախազգուշացումներ է պարունակում՝ կապված սահմանային լարվածության հետ:
*****
Այսօրվանից Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդների հոսքը վերաբացվում է: Հայաստանից Ֆրանսիա քաղաքացիների տեղաշարժը հնարավոր է մի քանի տարբերակով: Եթե անձը պատվաստված է Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson պատվաստանյութով, ապա իրավասու է մեկնել Ֆրանսիա՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում: 2-րդ հնարավոր տարբերակը. երբ քաղաքացին պատվաստված չէ, իրավասու է մուտք գործել Ֆրանսիա միայն այն դեպքում, եթե ուղևորությունը ճանապարհորդելու հիմնավոր պատճառներից մեկի շրջանակներում է: Ֆրանսիա ժամանելու համար, եթե պատվաստված չեք, պետք է նաև լրացնել Միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիրը դեպի մայրցամաքային Ֆրանսիա, ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Ֆրանսիա ժամանելուն պես անձը պարտավորվում է ինքնամեկուսանալ յոթ օր ժամկետով: Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես պետք է ենթարկվել անտիգենի պատահական հետազոտության:
*****
Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 միլիոն նոր դեպք և վարակակրի՝ ավելի քան 73 հազար մահ: Նախորդ յոթ օրվա համեմատ` հիվանդացությունը նվազել է 15 տոկոսով, մահացությունը՝ 8 տոկոսով՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենից շատ վարակվածներ են հայտնաբերվել Հնդկաստանում՝ ավելի քան 914 հազար:
*****
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 8-ի երեկոյան երկրորդ ժամկետով գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել է Անտոնիո Գուտերեշին: Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեային խորհուրդ է տվել Գուտերեշին նշանակել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար երկրորդ ժամկետով՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Գուտերեշի թեկնածությունը կդրվի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը, որը բաղկացած է 193 երկրից և, ամենայն հավանականությամբ, կհաստատվի հունիսի 18-ին կայանալիք քվեարկության ժամանակ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածուի հաստատման համար կարևոր է Անվտանգության խորհրդի որոշումը, քանի որ կազմակերպության այս հիմնական մարմնի հինգ մշտական անդամներից յուրաքանչյուրը կարող է արգելափակել առաջադրումը:
*****
Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը վերջին 20 տարվա ընթացքում լինելու է ամենակարճատևը: Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գագաթնաժողովը տևելու է 2,5 ժամ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները, սովորաբար, տևում են 2 օր և բաղկացած են 3-4 աշխատանքային նստաշրջանից: