Վերջին շտկումները, ու մի քանի օրից այս վերնաշապիկը կհայտնվի եվրոպայի լավագույն խանութներից մեկի ցուցափեղկում: Առաջին անգամ է, որ այս ընկերության արտադրանքը՝ արտադրված է Հայաստանում մակնշմամբ, կներկայանա արտասահմանցի գնորդին:
Փաթեթավորումից մինչև արտահանում. պետությունն ու Համաշխարհային բանկը համատեղել են ջանքերը՝ աջակցելու հայ արտադրողին: Արտահանողի զարգացման դրամաշնորհային ծրագրով 9 ընկերության հնարավորություն է տրվել ընդլայնել արտադրական հնարավորություններն ու արտահանում իրականացնել: Ստացված դրամաշնորհով նաև նոր աշխատատեղեր կբացվեն:
Ձեռներեցներին արտադրության բոլոր փուլերում կաջակցեն ռեսուրս-կենտրոնները։
Ծրագիրը խրախուսում է նաև նորարար գաղափարները: Մրգօղի արտադրող ընկերություններից մեկն այսուհետև կօգնի գյուղացուն վերամշակել բերքը հենց տեղում: Շարժական կայանն օրական կարող է վերամշակել մինչև 12 տոննա գյուղմթերք:
Ծրագրի ֆինանսավորման համար Կառավարությունը հատկացրել է 1.8 մլն ԱՄՆ դոլար։ Գործում է մեկ պարտադիր պայման: Ծրագիրը շահած ընկերություններն իրենց բիզնես նախագծերը կյանքի կոչելու համար պետք է ներդնեն հավելյալ 30 տոկոսի չափով գումար:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան