Անթափոն ու եկամտաբեր. ջայլամաբուծությունը Հայաստանում կարող է դառնալ զարգացող բիզնես: Հակոբյանների ընտանիքը 2017 թ. մայրաքաղաքից տեղափոխվեց Եղվարդ՝ սիրելի զբաղմունքը ընտանեկան բիզնեսի վերածելու համար: Սկզբնական փուլում ընդամենը 12 ջայլամ էր, սակայն կարճ ժամանակ անց, շուկայի թելադրանքով, հարյուրապատկվեց:
Լիլիթ Ղարիբյան (ԷԿՈ ֆերմա ՍՊԸ տնօրեն) - Առաջին ճյուղը ջայլամի մսի արտադրությունն է, երկրորդը՝ ջայլամի յուղի հիմքով խնամքի միջոցների արտադրությունն է, և երրորդ՝ նոր զարգացող ճյուղը, էկոտուրիզմն է:
Հաճելին օգտակարի հետ՝ էկո ֆերման, հյուրերի պակաս չունի: Հատկապես փոքրիկների համար այն դարձել է սիրելի վայր: Այստեղ ամեն բան մտածված է, սիրելի հեռախոսի փոխարեն երեխաների ձեռքում կարող են հայտնվել տարբեր նյութեր ու ջայլամի յուղ, որոնց համադրությամբ էլ ստացվում է գույնզգույն օճառ:
Լիլիթ Ղարիբյան - Տարածքում համացանց չկա, որպեսզի երեխաները ավելի մոտ լինեն բնությանը: Այն ամենը, ինչ որ մենք տեսնում ենք շրջապատում, կարող ենք վերածել օճառների, օրինակ՝ ծառի վրա տեսնում են թռչուն, որը ես հիմա կվերածեմ օճառի:
Նվեր Հակոբյանը սա եկամտաբեր բիզնես է համարում: Ջայլամի միսը, ձուն, յուղից պատրաստված տարատեսակ խնամքի և կոսմետիկ միջոցները մեծ պահանջարկ ունեն հայկական շուկայում, իսկ գոմաղբն օգտագործվում է որպես կենսաբանական պարարտանյութ: Բիզնեսին աջակցել է նաև պետությունը:
Նվեր Հակոբյան («ԷԿՈ ֆերմա» ՍՊԸ հիմնադիր) - Ստացել ենք պետական ֆինանսավորման վարկեր, կցանկանայի ավելի շատ խթանեին, որպեսզի զարգանար գյուղատնտեսության այս ճյուղը, քանի որ բավականին հետաքրքրիր ճյուղ է:
Մինչև հոկտեմբեր դեռ կշարունակվի նաև զրո տոկոսադրույքով մինչև 1 մլն դրամ միկրովարկավորումը:
Ի դեպ, երկու տարով տրվող վարկերի արտոնյալ ժամկետը ինն ամիս է:
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան