«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքը Վարդենիսում է: Նրանք քարոզարշավի տրամաբանությունը փորձում են զերծ պահել նախկին-ներկա պայքարից ու ներկայացնել Հայաստանը ոտքի կանգնեցնելու իրենց ծրագիրը:
Հայկ Սուքիասյան (ԱԺ պատգամավորի թեկնածու, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք») - Ինչու է, որ մեր պետության զարգացումն ինչ-որ տեղ արգելակվել է. որովհետև մեզ ու ձեզ առաջարկվել է ինչ-որ զարգացման կոնցեպցիաներ, իսկ մենք ձեզ առաջարկում ենք Հայաստանի համապարփակ արդիականացման, մոդեռնիզացիայի ծրագիր:
Դաշինքի ցուցակում առաջին կինը՝ Սեդա Սաֆարյանն էլ խոսեց դատաիրավական բարեփոխումներից՝ հիշելով, որ վարդենիսցիներն այս համակարգի պատճառով զրկանքներ են կրել:
Սեդա Սաֆարյան (ԱԺ պատգամավորի թեկնածու, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք») - Կարծում եմ՝ ձեր բաժնի պետերը ձեր գլխին չարիք են դարձել, 2000-ականներին նշանակվածները բացառապես այս սկզբունքով են նշանակվել՝ արդյոք կարո՞ղ են ջարդել Վարդենիսի բնակչությանը... Ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, որովհետև Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն էր, որ այսօր շատ է խոսում, ուժեղ է, այդ էդ ուժի մասին եմ խոսում, պիտի հիշեք, որ Վարդենիսն այն տարածքն էր, որտեղ ամենաշատն են բռնության ենթարկվել մարդիկ:
Մենք նոր ու բացառապես քաղաքական ուժ ենք, որը պայքարում է պետականության համար՝ շեշտեց Լևոն Շիրինյանն ու մեջբերում արեց Աստվածաշնչից:
Լևոն Շիրինյան (ԱԺ պատգամավորի թեկնածու, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք») - Եկել է քարերը հավաքելու ժամանակը, որովհետև այն աշխատանքը, որ այստեղ արվել է, եղել է ոչ անձնական ու ոչ էլ պաշտոնի համար:
Ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյան էլ այս ընտրությունները բախտորոշ է որակում՝ Հայաստանի լինել ու չլինելու համար՝ նկատելով, որ Վարդենիսի թիկունքն էլ վտանգված է:
Արման Բաբաջանյան («Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» 1-ին համար) - Մեր պատկերացման կոռուպցիայի դեմ պայքար չպետք է լինի, պետք է լինի պայքար պետական դավաճանության դեմ: Պատերազմող երկրի համար կոռուպցիան արտաքին ագրեսիա է, հետևաբար կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է հայտնվի պետական դավաճանության հոդվածի տակ:
Ընտրացուցակում 18-րդ համարը զբաղեցնող, «Ընդդեմ գողապետության, հանուն հանրապետության» կարգախոսով առաջնորդվող «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անդամները խոստանում են՝ քաղաքականություն թարմություն կբերեն՝ թարմ դեմքերով:
Հեղինակ՝ Անի Օհանյան