ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր Սպիտակում կայացած հանդիպմանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ երեկ հրապարակած ձայնագրությանը:
«Հանրությունը մի փոքր տարակուսած է. նրանք հարց են տալիս, թե այս ձայնագրությամբ Սերժ Սարգսյանն ուզում էր վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ: Հարցը շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին ու ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որ վերջին յոթ ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից ներկայացրել ենք մեր ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:
Նա մանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը: «2018 թ. մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը մենք, ես ժառանգել եմ փակուղային, դեֆորմացված վիճակում: Եվ ո՞րն է եղել ամենակարևոր պրոբլեմն այդ պահի դրությամբ. ամենակարևոր պրոբլեմը եղել է այն, որ միջնորդներն, ըստ էության, հետագա զարգացումների և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ Ադրբեջանը: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018 թ. չի, որ տեղի է ունեցել: Դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Ես խոսել եմ այդ մասին՝ խոսելով 2016 թ. հունվարի իրադարձությունների մասին: Միջնորդները Հայաստանին պայման են ներկայացրել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ ըստ էության, հարցը դրված է եղել այսպես՝ նախկինում գոյություն ուներ «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձև, հետո՝ «տարածքներ խաղաղության դիմաց բանաձև», 2016-18 թթ. ձևակերպվեց ու 2016 թ. ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ մենք 2018 թ. բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ սեղանի վրա դրված է եղել «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները և միջազգային հանրությունը, որոնց վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունն ըստ էության մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց»,- ասաց Փաշինյանը: Նա ներկայացրեց նաև՝ 2018 թ. մայիսի դրությամբ իրադրության զարգացման ինչ հնարավորություններ կային: «Առաջինը՝ տարածքներ ոչ մի բանի դիմաց: Եվ երկրորդ՝ տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ Լեռնային Ղարաբաղ: Որ վերադառնային, վերադառնալու էին այնտեղ, որտեղ ապրել էին շարժման մեկնարկից առաջ: Հետո ի՞նչ: Հետո՝ ոչ մի բան: Հետո՝ կապրենք, կտեսնենք: Իսկ հետո, երբ ապրում ու տեսնում ենք, ապրում ու տեսնում ենք Նախիջևանը»,- ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ այս պատմությունն իրականում սկսվել է 1998 թ. «Երբ Հայաստանի ղեկավարի որոշմամբ ԼՂ-ն, որ 1998 թ. ուներ բանակցային կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ, որն Արցախյան պատերազմի առաջին ամենամեծ ու շոշափելի հաջողությունն էր, որը շատ անկյունաքարային նշանակություն ուներ Ղարաբաղի կարգավիճակի հետագա ճշգրտման համար, այդ կարգավիճակը Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ զիջվեց, և Ղարաբաղը զրկվեց միջազգայնորեն ճանաչված իր միակ կարգավիճակից»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ մասին ոչ թե ինքն է ասել, այլ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր զոհերի, մեր նահատակների արյունը 1998 թ. որոշմամբ Քոչարյանն ուղղակի վաճառեց սեփական իշխանության դիմաց: Ղարաբաղ իշխանության դիմաց բանաձևը գործի դրվեց 1998 թ.: Հաջորդ փուլում մեջտեղ բերվեց Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց նաև 1999 թ. նոյեմբերի 30-ին Քոչարյանի ստորագրած ԵԱՀԿ ստամբուլյան խարտիան: «Այն, դիվանագիտական լեզվով թարգմանած, նշանակում է, որ ԼՂ հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Սա է ամբողջ ճշմարտությունը»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ երեք տարի իրենց ուժերի ներածին չափով պայքարել են, որ այդ ծրագիրն իրականություն չդառնա: «Եվ այդ ձայնագրությունը հրապարակում են՝ մոռանալով պատասխանել մեկ հարցի՝ բա ի՞նչ եղավ, որ ասում էիք՝ Դուբայում 5 մլրդ դոլարով հողերը ծախել է: Բա ի՞նչ եղավ այդ 5 միլիարդը, ի՞նչ եղավ հողերը ծախելու թեման: Հիմա էլ հակառակի մեջ են մեղադրում, հողերը չտալու մեջ են մեղադրում»,- ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ հիմա ժողովուրդը պետք է դատի նախորդ 30 տարվա ՀՀ բոլոր ղեկավարներին, գնահատական տա նախորդ բոլոր ղեկավարներին: «Սա առաջին դեպքն է, երբ բոլոր ղեկավարներն առանձին-առանձին քաղաքական ուժերով մասնակցում են ընտրություններին»,- ասաց նա: