«Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նորայր Նորիկյանը և նրա թիմակիցներն այսօր եղան Գավառ քաղաքում: Նրանք շրջեցին քաղաքում և զրուցեցին առանձին բնակիչների հետ: Խորքային ուսումնասիրությունների հիման վրա ստեղծված բազմապրոֆիլ ծրագիր ունենք՝ ներկայացրեց Նորայր Նորիկյանը:
Նորայր Նորիկյան («Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 1-ին համար) - Առաջնահերթը պատմական այս ժամանակահատվածում երկրի անվտանգությունը և ընդհանուր խաթարված պաշտպանական համակարգի վերականգնումն է՝ արդյունավետ, մարտունակ և պրոֆեսիոնալ բանակի ձևավորումը: Կառավարման համակարգը ենթակա է արմատական փոփոխության. պետք է ուղղակի վերացնել գործող խորհրդարանական կառավարման համակարգը և վերականգնել կիսանախագահական համակարգը, որովհետև այս համակարգն ապացուցեց իր անկենսունակությունը:
Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների մասին բնակիչների հարցադրումներին պատասխանելով՝ Նորայր Նորիկյանը նշեց, որ նոր ձևավորվելիք իշխանությունը պետք է դեմքով դեպի գյուղն ու գյուղատնտեսությունը շրջվի:
Նորայր Նորիկյան - «Արդար Հայաստանի» ծրագրում մենք մի այսպիսի հանդուգն, հավակնոտ կետ ենք ներառել. յուրաքանչյուր մարզում, հաջողության հասնելու դեպքում, 5 տարվա ընթացքում ստեղծել երկու խոշոր ձեռնարկություն:
Բարեփոխումներ և առավել բարեկեցիկ Հայաստան ունենալու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է արդար միջավայր: Իսկ ստեղծումը պետք է լինի յուրաքանչյուր հայի գիտակցված պարտքը՝ ասաց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարը: