«5165» շարժման անդամներն այսօր հանրահավաքներ են անցկացրել Արարատի մարզում՝ Արարատ ու Արտաշատ քաղաքներում: Անվտանգություն, արտաքին քաղաքականություն, առողջապահություն, կրթություն ու գիտություն. քաղաքացիների հետ զրուցելու շատ թեմաներ կան:
Կուսակցության անդամները ներկայացրել են նաև, թե ինչ լուծումներ են առաջարկում ծառացած խնդիրների համար: Խաբված ենք, դավաճանված՝ իր խոսքում նշել է կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը՝ ներկայացնելով, թե ինչու ստեղծվեց «5165» շարժումը:
Կարինե Տոնոյան («5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության ցուցակի առաջին համար) - Մեզ թվում էր, թե մենք այս դաժան հարվածից հետո կարող ենք ու պարտավոր ենք հրաժեշտ տալ անցյալին, և անցյալի ուրվականներն այլևս չեն վերադառնալու և չեն իշխելու մեզ, բայց պարզվեց, որ մենք սխալվել ենք: Համախմբվել ենք ու որոշել պայքարի մեջ մտնել, այո՛, մենք գիտենք, շատ հզոր ուժերի դեմ, որոնք ունեն և շատ ավելի մեծ միջոցներ, ֆինանսներ, մարդկային ռեսուրս, բայց մենք դրա դեմ ունենք ամենակարևորը, որ չունեն այդ ուժերը: Մենք ունենք մեր հայրենիքին մեր անցյալով ցույց տված նվիրում՝ անբասիր նվիրում և ունենք արդարություն, ունենք ազնվություն, ունենք արժանապատվություն, և որևէ մեկը մեզանից չի ամաչում իր անցյալի համար, որևէ մեկը ներողություն խնդրելու ոչինչ չունի իր անցյալում, հետևաբար, մերն է լինելու մեր հայրենիքի ճակատագիրը: Կգանք 10 հոգով, թե 20 հոգով, կդառնանք հազարներ, և, առավել ևս, այս ընտրությունները ցույց կտան, թե ովքեր ենք մենք իրականում, և թե ումից է կախված Հայաստանի ճակատագիրը: Այս ընտրությունները մենք շատ լավ հասկանում ենք, որ ընդամենը ընթացիկ վիճակ է՝ պարտադրված, հարկադրված մեր ժողովրդին, ինչպես հարկադրված ու պարտադրված է այն մտածելակերպը, թե միայն երկու բևեռ կա այսօր, որոնց միջև հայը պետք է կատարի իր ընտրությունը: Սուտ է, մենք հասնելու ենք դրան, այս ընտրությամբ, հաջորդ ընտրությամբ, միևնույն է՝ Հայաստանի ղեկին գալու են ազգային ուժեր, նվիրյալների ուժեր, մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչ տալ հայրենիքին և դրա դեմ ոչինչ չուզելու:
Արսեն Գրիգորյան( ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն) - Մենք ուժեղ ենք և մենք մեր ծրագրերը թեկուզ 10 հոգով, թեկուզ 20 հոգով, թեկուզ 100 հոգով իրականացնելու ենք, որովհետև մեր ծրագրերը նվիրված են ազգային ինքնության պահպանմանը, ազգային հզոր պետություն ստեղծելուն: Կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ հայ ժողովուրդը, կեցցե՜ հայոց բանակը, կեցցե՜ Արցախը: