Քարոզարշավի չորրորդ օրը «Քաղաքացիական պայմանագիրը» Լոռիում է: Նախ չնախատեսված կանգառներ՝ Արագածոտնի Ծիլքար և Լոռու Սարամեջ համայնքներում, հետո արդեն հանդիպում սպիտակցիների հետ, անդրադարձ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը:
Նիկոլ Փաշինյան («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար) - Հիմա հարց են տալիս՝ ձայնագրությունով չհասկացանք՝ Սերժ Սարգսյանն ուզում էր վնա՞ս տալ, թե՞ օգուտ: Եթե անկեղծ, հարցը շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որ վերջին 7 ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից ներկայացրել ենք ժողովրդին;
Հրապարակված ձայնագրության մեջ Փաշինյանը նշում էր, որ Նազարբաևը, Լուկաշենկոն ու Պուտինը նրան հորդորել են, օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից, լուծել ղարաբաղյան հարցը։ Լիդերներն առաջ են քաշել Լավրովյան հայտնի պլանը, ինչն անընդունելի է եղել Փաշինյանի համար, նա պնդել է՝ զիջումներ կարող են լինել միայն Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։ Սարգսյանը ձայնագրությունը հրապարակելուց հետո մեղադրել է Փաշինյանին՝ բանակցությունները փակուղի տանելու և նախկին բանակցային փաստաթղթերը զրոյացնելու համար:
«Ապագա կա՛» կարգախոսով ընտրություններին մասնակցող Փաշինյանը չնախատեսված կանգառ ունեցավ նաև Բազում և Գարգառ համայնքներում։ Զրուցեց ու լուսանկարվեց քաղաքացիների հետ: Արդեն Գյուլագարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարը խոսեց ճանապարհների կառուցման ու վերանորոգման մասին, հիշեցրեց՝ այժմ կարևոր առաջնահերթությունն արտաքին անվտանգությունն է, բանակը վերազինելը, վերափոխելն ու բարեփոխելը:
Նիկոլ Փաշինյան - 2019-ին մեր առաջին գործերից մեկը եղել է զինվորականների աշխատավարձը բարձրացնելը, պաշտպանության բյուջեն մեծացնելը: Մենք 2019-ին 1 մլն 200 հազար մարդու կամ աշխատավարձ, կամ թոշակ, կամ նպաստ ենք բարձրացրել, բայց հիմա գալիս տեսնում ենք՝ ջրագիծ, դպրոց չկա: Մեր մեծագույն խնդիրն ամբողջ սոցիալ-տնտեսական կյանքն, այսպես ասած, ռեստարտ անելն է:
Բազմամարդ էր նաև Ստեփանավանի հրապարակը: Փաշինյանի պնդմամբ՝ արմատախիլ են անելու ընտրակաշառքի ցանկացած փորձ:
Նիկոլ Փաշինյան - Այո՛, այս պատերազմի արդյունքում շատ երազանքներ փլուզվել են, ապագայի նկատմամբ մեր լավատեսությունը փլուզվել է, բայց մենք պետք է վերգտնենք այդ լավատեսությունը և երազանքը: Դա է պատճառը, որ մենք ընտրություններին մասնակցում ենք այս կարգախոսով՝ «Ապագա կա՛»:
Մեծավանում Փաշինյանը հայտարարեց, որ թավշյա մանդատը փոխարինում է պողպատով: Տաշիրում էլ կուսակցության վարչապետի թեկնածուն խոսեց թոշակի բարձրացման, մանկապարտեզների ու դպրոցների կառուցման, գյուղատնտեսության զարգացման մասին: Յաղդանում, Ագարակում չնախատեսված, իսկ Օձունում Փաշինյանը մեծ հանրահավաք ունեցավ, նշեց՝ նախկին երեք նախագահները պետք է պատասխանեն հարցին՝ ինչ վիճակում են փոխանցել Արցախի հարցը:
Նիկոլ Փաշինյան - Թող իրենք կանգնեն, ասեն, թե իրենք այդ պահից սկսած ինչ գործողություններ էին անելու, ինչ տրամաբանությամբ էին առաջնորդվելու: Սրանից առաջ, երբ մենք ասում էինք՝ ասեք, ի՞նչ էիք անելու դուք, ինչպե՞ս էիք լուծելու Ղարաբաղի հարցը, իրենք ասում էին՝ դե, մենք տեղյակ չենք, մենք ինֆորմացված չենք:
Խոսելով պատերազմում պարտության պատճառների մասին՝ կուսակցության առաջնորդը նշեց՝ ընտրություններից հետո բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն: Փաշինյանն այնուհետև շեշտեց՝ բանակում արված բարեփոխումները չտեսնել անհնար է:
Նիկոլ Փաշինյան - Այո՛, մենք զենք ենք առել, բայց միլիոնատեր չենք դարձել: Մենք ճանապարհ ենք կառուցել, բայց միլիոնատեր չենք դարձել: Մենք դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցել, բայց միլիոնատեր չենք դարձել, որովհետև մենք դպրոցը կառուցել ենք ոչ թե ատկատի համար, այլ երեխայի, ճանապարհը՝ մարդու համար, սնունդը՝ զինվորի համար:
ՔՊ-ի ցուցակը գլխավորող Փաշինյանը վստահեցրեց՝ վերընտրվելու դեպքում նախկին սխալները չի անելու:
Նիկոլ Փաշինյան - Այն ժամանակ ասել եմ՝ կադրային ջարդ չի լինելու, հիմա ասում եմ, որ լինելու է: