Այսօր այստեղ գալուց առաջ տեղի ունեցավ մի շատ խորհրդանշական իրադարձություն: Մարցի խաչմերուկում Թումանյան խոշորացված համայնքի մի շարք բնակիչներ մեզ հանձնեցին առաջին սիմվոլիկ պողպատյա մանդատը: Այս մասին Լոռու մարզկենտրոն Վանաձորում՝ քաղաքացիների հետ հանդիպմանը, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Նա հույս հայտնեց, որ Հայաստանի քաղաքացիների առնվազն 63 տոկոսը հունիսի 20-ին կգնա ընտրատեղամաս և Հայաստանում հաստատված թավշյա իշխանությունը կփոխարինի պողպատյա իշխանությամբ:
«Բայց ես չեմ ուզում, որ մենք ափսոսանքի զգացում ունենանք սիրո և համերաշխության մեր մոտեցման թավշյա հեղափոխության վերաբերյալ, որովհետև մենք ՀՀ-ում շատ շատերին տվել ենք հնարավորություն՝ ժողովրդական Հայաստանում գտնել ժողովրդին ծառայելու ձև, բայց, ցավոք, այսօր դեռ կան մարդիկ, որոնք փորձում են Հայաստանը կրկին դարձնել այնպիսի մի երկիր, որտեղ ոչ թե իշխանությունն է ծառայում ժողովրդին, այլ ժողովուրդը՝ իշխանությանը, բայց իրենք էլ ասել են՝ վերադարձ անցյալին չի լինելու: Եվ ես ասում եմ՝ վերադարձ անցյալին չի լինելու, վերադարձ անցյալի անցյալին չի լինելու, որովհետև այսօր արդեն հայ ժողովուրդը վստահ, միասնական ասում է՝ վերադարձ անցյալին չի լինելու, որովհետև ապագա կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: