«Ամռան շոգին լինի թե ձմռան ցրտին՝ առանց էլեկտրականության հնարավոր չէ»՝ սպառողների դժգոհությանն էլեկտրիկներն արձագանքում են։
Նվեր Գալստյան (ՀԷՑ «Շենգավիթ» էլեկտրացանցի ավագ վարպետ) - Հենց ընենց մենք չենք անջատի. եթե մալուխը հողի տակ խփում ա, էդ մոմենտին, դրա պատճառով անջատում ա:
Եթե անջատումը վթարի պատճառով չէ, ուրեմն պլանային նորոգում է՝ բացատրում են Հայաստանի էլեկտրական ցանցերից։ Ընկերության կայքում ամեն օր կարելի է տեսնել՝ Երևանից մինչև ամենահեռավոր գյուղ որտեղ, ինչ շենքում, որ հասցեում է հոսանքազրկում լինելու՝ նախատեսված այս կամ այն աշխատանքի համար։ Այս սեզոնի գործը հաշվիչ-վահանակները փոխելն է։ Անգամ եթե դրանք թարմ են, երկսակագնային, մասնագետների բրիգադը դա հանում, տեղադրում է նորը։ Վերջին սերնդի այս սարքերը բաժանորդի ծախսած հոսանքն արդեն առանց տեսուչի նայել-գրելու են, էներգամատակարարին փոխանցելու։
Նիկոլայ Նալբանդյան (ՀԷՑ էլեկտրամոնտաժող) - Ցուցմունքներն արդեն էթում ա գլխամաս՝ ավտոմատ, ինտերնետ կապով:
Այս աշխատանքի համար էլեկտրիկները շենքը հոսանքազրկելու իրավունք ունեն առավոտվա ժամը 11-ից մինչև, ամենաշատը, երեկոյան 5-ը։
Տվյալ բազմաբնակարանը երևանյան էլիտարներից է․ վերելակի ու նկուղի համար հոսանքի լրացուցիչ գիծ ունեին։ Մյուս դեպքերում բնակչությունը ստիպված է սպասել, մինչև միացումները կատարեն։ Ըստ վարպետների՝ սովորաբար մի քանի ժամվա գործ է, օրվա մեջ մի քանի շենքի վահանակ են փոխում։
Արթուր Հովհաննիսյան (ՀԷՑ էլեկտրամոնտաժող) - Ըլնում ա՝ մեկ-երկու, եթե սենց փոքր ա լինում՝ նաև 3-ը:
Հաշվիչներին զուգահեռ՝ էներգետիկները նաև համակարգի ենթակայաններն են թարմացնում: Այս մեկը, օրինակ, ՀԷՑ-ի ավագ վարպետ Նվերն իր երիտասարդ տարիներին է մոնտաժել։ Փոխելու ժամանակն է, ասում է, չնայած աշխատում է։ Ստուգեց ռեզերվի լարումը։
Ի տարբերություն սնուցող տվյալ կետի՝ հարևան բաշխիչ ենթակայանն արդեն ամբողջությամբ նոր է, տեխնիկան՝ արդիական։ Ժամանակակից այս կարգի բջիջները բաժանորդների էներգամատակարարումն ավելի կայուն-ապահով են դարձնում, նաև՝ հեշտացնում մասնագետների գործը, եթե ինչ-որ տեղ խափանում է, պետք է արագ գտնել-վերացնել՝ պարզաբանում է Շենգավիթի շահագործման պատասխանատուն։ Այնպես որ՝ փուլ առ փուլ նորացվում է:
Աշոտ Պողոսյան (ՀԷՑ «Շենգավիթ» էլեկտրացանցի պետ) - էս տիպի մենք մեր շրջանում ունենք 5 հատ նորոգած, մեկն էս տարի պետք է նորոգվի: Իսկ տրանսֆորամատորային ենթակայաններից մեկը այս տարի նորոգված է, 3-ն ընթացքում են, մինչև տարվա վերջ 9-ը նորոգվելու են:
Ինչ մնում է ավտոմատ, առանց տեսուչի միջնորդության, ցուցմունքն ինտերնետով փոխանցող էլեկտրական հաշվիչների տեղադրմանը՝ աշխատանքը մայրաքաղաքում ՀէՑ-ը կավարտի: