Անհատական հաշվի քաղվածքը ֆիզիկական անձին տրամադրվում է փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով: Ֆիզիկական անձը էլեկտրոնային եղանակով անհատական հաշվի քաղվածք ստանալու նպատակով կարող է մուտք գործել «Անհատական հաշվի էլեկտրոնային համակարգ»՝ ներկայացնելով էլեկտրոնային դիմում: Մուտքի հնարավորություն կարելի է ստանալ թե' առցանց եղանակով (նույնականացման քարտի և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում), թե' անձամբ հարկային մարմին ներկայանալով:
1. Ինչպե՞ս գրանցվել «Անհատական հաշիվների էլեկտրոնային համակարգ»-ում՝ անհատական հաշվի քաղվածք ստանալու նպատակով։
Պատասխան՝ Ֆիզիկական անձը առցանց եղանակով անհատական հաշվի քաղվածք ստանալու նպատակով կարող է որպես օգտվող գրանցվել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում, հարկային ծառայության էջի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» ենթաբաժնում, որտեղ անհրաժեշտ է լրացնել օգտվողի գրանցման հայտ, ստորագրել էլեկտրոնային ստորագրությամբ և այն ներկայացնել հարկային մարմին:
Ֆիզիկական անձի անվամբ արդեն բացված անհատական հաշվի առկայության դեպքում` համակարգը ստուգում է ներկայացված հայտում էլեկտրոնային ստորագրության առկայությունը և այն վավերացնելուց հետո էլեկտրոնային փոստին ուղարկվում է ծանուցում-նամակ՝ օգտվողի անունն ու գաղտնաբառը որոշելու նպատակով, իսկ էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում, ֆիզիկական անձը Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում որպես օգտվող գրանցվելու նպատակով կարող է անձամբ այցելել ՀՀ ՊԵԿ սպասարկման վարչության ցանկացած բաժին և տեղում լրացնել դիմում՝ նշելով էլեկտրոնային փոստի հասցեն։
Նշված համակարգում ֆիզիկական անձի անձնական տվյալների գրանցման և օգտվողի անվանում-գաղտնաբառի որոշման (փոփոխման) ողջ գործընթացը` ըստ անհրաժեշտ գործողությունների քայլերի հաջորդականության, առավել մանրամասն ներկայացված է կայքում տեղադրված «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» օգտվողի ուղեցույցում:
2. «Անհատական հաշիվների էլեկտրոնային համակարգ»-ում գրանցվելուց հետո առցանց եղանակով ինչպե՞ս ստանալ անհատական հաշվի քաղվածք:
Պատասխան՝ Առցանց եղանակով անհատական հաշվի քաղվածք ստանալու համար Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում գրանցվելուց հետո նախ անհրաժեշտ է լրացնել անհատական տվյալների դաշտը, ապա՝ անհատական հաշվի քաղվածք ստանալու դիմումը և էլեկտրոնային եղանակով ուղարկել հարկային մարմին։ Դիմումում նշված հաշվետու ժամանահատվածի մասով համակարգը ինքնաշխատ ստեղծում է անհատական հաշվի քաղվածքի թվայնացված փաստաթուղթը և զետեղում այն Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալի օգտվողի դիմումների գրանցամատյանում, իսկ դիմումում քաղվածքի ստացման «էլեկտրոնային եղանակ» նշված լինելու դեպքում անհատական հաշվի քաղվածքը ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։