ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲԱՅԴԵՆԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Մեկնարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին արտասահմանյան շրջագայությունը: Այցը համաեվրոպական է, առաջին կանգառը՝ Մեծ Բրիտանիան: Ի դեպ, ԱՄՆ նախագահն ասել է, որ ինքը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին նմանեցնում է Դոնալդ Թրամփին: Այցի ընթացքում՝ հունիսի 16-ին, Ժնևում նախատեսվում է Բայդենի հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ: Դրանից առաջ Սպիտակ տան ղեկավարը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բրյուսելում: Այդ ընթացքում նա կհանդիպի Թուրքիայի գործընկերոջ հետ: Բայդենն ասել է, որ Ռուսաստանի հետ կոնֆլիկտ չի փնտրում և Պուտինին կասի այն ամենը, ինչը ցանկանում է, որ նա իմանա:
ՆԱՎԱԼՆԻԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ
Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ Ալեքսեյ Նավալնու հիմնադրած կազմակերպությունները՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամը և նրա շտաբները, ճանաչվել են ծայրահեղական կազմակերպություն: Դրանց ակտիվները պարտատերերի հետ հաշվարկներից հետո կփոխանցվեն Ռուսաստանի Դաշնության բյուջե։ Դատարանի վճիռը, որն ուժի մեջ է մտել անմիջապես, թույլ չի տալիս այդ կազմակերպությունների և դրանց տարածաշրջանային գրասենյակների հետ կապված անձանց դիմել պետական պաշտոններ զբաղեցնելու համար, հետևաբար նաև մասնակցել սեպտեմբերի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նավալնուն ձերբակալել էին խարդախության մեղադրանքով:
ԱՄՆ-Ը 500 ՄԼՆ ԴԵՂԱՉԱՓ ԿՆՎԻՐԻ ԱՇԽԱՐՀԻՆ
Միացյալ Նահանգները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մոտ 500 միլիոն դեղաչափ կտրամադրի աշխարհի ավելի քան 100 պետության: Ամերիկան ավելի քան 200 միլիոն դեղաչափ կտրամադրի արդեն այս տարի, մնացյալը՝ 2022 թվականի առաջին կեսին։ Սպիտակ տունը պատվաստանյութի մատակարարումները կիրականացնի Առողջապահության համաշախարհային կազմակերպության միջոցով՝ COVAX ծրագրի շրջանակում։ The New York Times-ը հայտնում է, որ ամերիկյան կառավարությունը պատվաստանյութերը ձեռք կբերի նվազեցված գներով՝ խուսափելով դեղագործական ընկերությունների համար գերշահույթ ապահովելուց։
ՖՐԱՆՍԻԱՆ, ԻՍՊԱՆԻԱՆ, ԲԵԼԳԻԱՆ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Ֆրանսիան, Իսպանիան, Բելգիան վերացնում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները: Դրսում դիմակ դնելն այլևս պարտադիր չի լինի, ռեստորաններն ու բարերն այցելուներ կընդունեն նաև փակ տարածքներում: Ֆրանսիայում երեկոյան պարետային ժամը 9-ից տեղափոխվել է 11-ը, ֆիթնես կենտրոններն ու ատրակցիոնները սկսել են աշխատել: Հունիսի 30-ին նախատեսվում է չեղյալ հայտարարել պարետային ժամը: Այնուամենայնիվ, դեռևս պարտադիր է պահպանել սոցիալական հեռավորության կանոնները և դիմակներ օգտագործել: Երկիրը կրկին բացում է դռները զբոսաշրջիկների առջև, սակայն որոշակի պայմանների պահպանման դեպքում: Իսպանիան, բնակիչների բողոքներից հետո, հրաժարվում է գիշերային ակումբների սահմանափակումներից: