Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ փոխնախարարներից մեկին չեն ազատել, նշել է, որ կառույցը չի կարող մնալ առանց պաշտոնակատարի:
Հարցին՝ արտաքին գործերի արդեն նախկին նախարար Արա Այվազյանն ինչո՞ւ է մեղադրում իշխանություններին, Ավինյանը պատասխանել է, որ այդ հարցը պետք է ուղղել Այվազյանին:
Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Բայց ես ուզում եմ մի շատ կարևոր փաստ արձանագրենք միասին. մայիսի 12-ի միջադեպերից հետո գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստեր, և արտաքին գործերի նախարարն ի պաշտոնե այդ նիստերին մասնակցում է:
Այդ նիստերին քննարկվել են բոլոր այն որոշումները, որոնք կայացվել են: Բոլոր այն քննարկումները, որոնք մենք ունեցել ենք, Անվտանգության խորհրդի բոլոր անդամները դրա մասին տեղեկացված են եղել:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր՝ ԱԳ փոխնախարարների ազատման դիմումները բավարարվել են մասնակի:
Նշենք՝ Տիգրան Ավինյանն ստորագրել է Գագիկ Ղալաչյանին, Ավետ Ադոնցին ու Արտակ Ապիտոնյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին որոշումները: