Իշխանություն ձևավորելու դեպքում «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը խոստանում է օրերի ընթացքում լուծել երկրի թիվ մեկ՝ անվտանգային խնդիրը: Բանաձևն արդեն ունեն, ցուցակը գլխավորող Տիգրան Ուրիխանյանը բացատրում է՝ հրատապ կարգով նախ ՀԱՊԿ-ին ու դաշնակից Ռուսաստանին ծանուցելու են, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի դեմ սկսելու են հակազդեցություն, ապա անվտանգային այդ կառույցներից ակնկալելու են նաև ռազմական օգնություն:
Քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն կարծում է, որ ամբողջ պրոցեսը պետք է հրապարակային կերպով ներկայացվի հանրությանն, ու իրենք գնալու են թափանցիկ աշխատելու ճանապարհով: Նախընտրական ծրագրի մյուս կարևոր կետը զինված ուժերում բարեփոխումներ կատարելն է: Վերանայվելու է կառուցվածքը, մինչև 1.5 տարվա ընթացքում էլ նվազագույնը 3-4 անգամ վերազինելու են բանակը:
Ուրիխանյանի խոսքով՝ դաշնակիցների հետ ունեցած փոխհարաբերությունները թույլ են տալիս վստահ պնդել՝ իրենց այս ծրագիրը միանգամայն իրականանալի է: Խորհրդարանում մանդատների մեծամասնություն ստանալու համար պայքարի ելած ուժից խոստանում են նաև կրճատել աղքատության մակարդակը:
Ճգնաժամային կառավարման համար ֆինանսական միջոցները կան, Ազգային ժողովի պատգամավորը դրանում համոզվել է 2020-ի բյուջեի կատարողականի խորհրդարանական քննարկումից հետո: Գործող կառավարությունը, ըստ Ուրիխանյանի, միլիարդավոր դրամներ ուղղել է երկրորդական ու երրորդական ծրագրերի: Քաղաքական ուժը մտադիր է նաև ամբողջությամբ փոխել մայր օրենքն ու Սահմանադրությամբ ամրագրել Արարիչ-մարդ-հասարակություն-պետություն աստիճանակարգը: Հենց երկրի բարձրագույն իրավական փաստաթղթում պետք է ամրագրվի հոմոարմենիկուսի գաղափարը, որ մատաղ սերունդը դաստիարակվի այդ ուղենիշով՝ հայտարարում է սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Օրենքով կամրագրեն կրոն հասկացությունն ու երկրում կարգելեն աղանդների գործունեությունը, սատանայապաշտությունը՝ պնդեց Այվազյանը: Ու երբ «Լուրերը» պատգամավորի թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչպես են պատրաստվում իրավաբանորեն ձևակերպել այդ արգելքն ու սատանայապաշտության չափանիշները, Այվազյանի կողքին նստած Ուրիխանյանը կտրուկ ընդհատեց զրույցը, ու հարցի պատասխանն այդպես էլ չստացանք: