«Հայաստան» դաշինքը քարոզարշավի չորրորդ օրը մեկնարկեց Թալինից: Քաղաքացիների հետ հանդիպելուն պես «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը գլխավորող Վահե Հակոբյանը վստահեցրեց՝ ժամանակն իրենց օգտին է աշխատում:
Վահե Հակոբյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Հայաստան» դաշինք) - Ժամանակն անցնում է կայծակնային արագությամբ, ու նույն հաջողությամբ աճում է «Հայաստան» դաշինքի վարկանիշը, ինչը չենք կարող ասել մեր օպոնենտների մասին:
Քաղաքացիների հետ հանդիպմանը դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ այսօր առաջնային է երկրի անվտանգությունը, այնինչ սահմանները մինչև օրս շարունակում են անպաշտպան մնալ, տնտեսությունը գահավիժում է, ինչի արդյունքում ամեն օր ավելանում է գործազրկությունը: Դաշինքն անիմաստ է համարում գործող իշխանության օրոք խոսել ներդրումների մասին: Նրա պնդմամբ՝ դրանք երկրում ուղղակի բացակայում են: Ներքաղաքական իրավիճակի մասին մի քանի բառով ներկայացրեց՝ ատելության մթնոլորտ, սև ու սպիտակ, հներ ու նորեր:
Ռոբերտ Քոչարյան («Հայաստան» դաշինքի ցուցակի 1-ին համար) - Միշտ էլ եղել են իշխանություն-ընդդիմություն հակասություններ, դա բնական է: Չի լինում երկիր, որ նման հակասություներ չլինեն, նույնիսկ Հեգելն ասում է՝ մշտական խաղաղություն միայն գերեզմանոցում է լինում: Բայց այս աստիճանի չի եղել երբեք, ու այն իր հետևանքներն է ունենում տնտեսական քաղաքականության ու միգրացիայի վրա: Նայեք ներդրումները, սա բևեռացվածության արդյունք է:
Քոչարյանն իրենց դաշինքին աջակցող քաղաքացիներին դիմելով ասաց՝ այո՛, հարց է առաջանում, ինչո՞ւ այսպես եղավ, և ովքե՞ր են սրա իրական պատասխանատուներն ու մեղավորները, եթե ոչ գործող իշխանությունը: «Հայաստան» դաշինքի ցուցակի 1-ին համարը համոզմունք հայտնեց, որ եթե այս իշխանության թիմը 2018-ին չվերցներ երկրի ղեկը, չէր լինի պատերազմ, իսկ լինելու դեպքում հաղթանակը հակառակորդինը չէր լինի, բացառվում էին նաև սահմանային նման իրավիճակ ու կոտրած ողնաշարով բանակ: Այդքանից հետո ներկաներին հարցրեց՝ հավատո՞ւմ եք, որ գործող իշխանությունը կլուծի ստեղծված իրավիճակը:
Ռոբերտ Քոչարյան - Ո՛չ, ես էլ եմ համոզված, որ ոչ: Եվ դա է նաև պատճառը, որ երկար ընդմիջումից հետո հայտարարեցի, որ վերադառնում եմ մեծ քաղաքականություն:
Դաշինքը գլխավորող անդամները թալինցիներին խոստացան՝ կլուծեն նրանց համար այսօր ամենամեծ խնդիրը՝ կստեղծեն աշխատատեղեր, որպեսզի քաղաքացու կյանքի որակը օր առաջ փոխվի: Իսկ գյուղատնտեսությունը զարգացնելու համար առաջնային հարցերից մեկը պետք է լինի ջրամբարների կառուցումը: Քաղաքացու հարցին, թե ե՛րբ սպասել դրան, Քոչարյանը խոստացավ՝ 2-3 տարին մաքսիմում ժամկետն է, որ խոսքը գործ դարձնեն:
Ռոբերտ Քոչարյան - Մենք պարտավոր ենք, որտեղ հնարավոր է՝ ջուրը բռնել, մենք պետք է բռնենք ու պահենք: Դուք 2-3 տարվա ընթացքում տեսնելու եք շատ ակտիվ գործընթաց:
«Հայաստան» դաշինքի եռյակից Վահե Հակոբյանը խոստացավ՝ իրենց դաշինքն իշխանություն դառնալուն պես վերականգնելու է երկրի համար կարևոր գյուղատնտեսության նախարարությունը:
Վահե Հակոբյան - Ինչի շրջանակում նաև վերականգնելու ենք խորհրդատվական ինստիտուտները, որ գյուղացուն ճիշտ մատուցեն, կներեք այս բառի համար՝ կրթեն:
Քաղաքացին հետաքրքրվեց, իսկ գերիների խնդիրն ինչպե՞ս է տեսնում «Հայաստան» դաշինքը: Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց՝ առաջնային պետք է Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնել եվրոպական կառույցների միջոցով: Հակառակորդը պետք է տեսնի, որ օր օրի այդ ձեռագրով երկրի վարկանիշն ընկնում է:
Ռոբերտ Քոչարյան - Հենց գերիների թեման բարձրանում է, թեման ռուսների գրպանն են գցում, իբր գեներալ Մուրադովն է դրա միակ պատասխանատուն, մենք կապ չունենք: Ինքն է մեղավորը, ինքն էլ պետք է գնա, բերի:
Քաղաքական ուժն ասում է, որ վերականգնելու են Ռուսաստանի հետ հարաբերություններում խաթարված վստահությունը: Քոչարյանն ասում է, որ իրենց կապերով դա կարող են անել արագ, նույնիսկ՝ ակնթարթային:
Արագածոտնի մարզում «Հայաստան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավը շարունակեցին Ծաղկահովիտում, այնուհետև Ալագյազ համայնքում: Քաղաքացիների հետ հանդիպմանը վստահեցրին՝ դաշինքն ունի հստակ ծրագիր, պրոֆեսիոնալ թիմ, փորձ և գիտելիք:
Ռոբերտ Քոչարյան - Մեր խնդիրը հիմա հետևյալն է՝ ամեն ինչ անել, որ գյուղացին մնա իր հողի վրա, զբաղվի գյուղատնտեսությամբ, բայց ոչ թե կռիվ տա հողի հետ, այլ արժանապատիվ կյանք ունենա:
«Հայաստան» դաշինքի հանդիպումներն Արագածոտնի մարզում շարունակվեցին մինչև ուշ երեկո: