Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք Ղարաբաղն էր զրկվել հակամարտության կողմ լինելուց, ապա այս պարտությունից հետո Հայաստանն է կորցրել հակամարտության կողմ լինելու կարգավիճակը: Այսօր ավելի քան մեկ ժամ տևած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով «Լուրերի» հարցին՝ նման հայտարարություն արեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լևոն Տեր-Պետրոսյան (ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ցուցակի 1-ին համար) - Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում: Հայաստանը ոչ մի որոշում չի կարող ինքնուրույն կայացնել Ղարաբաղի վերաբերյալ: Այդ ծանր պատերազմական պարտությունից հետո ավելի ծանր գուցե այն է, որ մենք այլևս խաղացող չենք այս խաղում:
Ավելի քան մեկ ամիս է՝ ադրբեջանցիները ներխուժել և շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, Ռուսաստանն առաջարկում է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով հանձնաժողով ստեղծել, ի՞նչ տեսակետ ունի այս գործընթացի վերաբերյալ Տեր-Պետրոսյանը, և եթե նման զարգացումներ լինեն, ի՞նչ ազդեցություն կունենան դրանք արցախյան խնդրի վրա:
Լևոն Տեր-Պետրոսյան - Այստեղ ոչ մի վտանգ գոյություն չունի` սահմանազատումը պարտադիր գործընթաց պետք է լինի, կապ չունի՝ բարեկամ ենք, թե թշնամի: Կդժվարանամ ասել՝ ինչ հետևանք կունենա:
Իսկ եթե 5 տարի անց ռուս խաղաղապահները հեռանան Արցախից, այնտեղ ոչ մի հայ չի մնա՝ ասաց Տեր-Պետրոսյանը և կարծիք հայտնեց՝ ռուսները Ղարաբաղից դուրս չեն գա:
Արտահերթին ՀԱԿ ցուցակը գլխավորող Տեր-Պետրոսյանին լրագրողները հիշեցրին մոտ երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ Տեր-Պետրոսյանը 2018-ի ամռանն ասել է՝ հողերը պետք է տալ:
Լևոն Տեր-Պետրոսյան - Պետք է Փաշինյանին հարցնեք՝ ցույց տուր այդ ձայնագրությունը: Ես նրան ասել եմ հետևյալը՝ քո առաջին գործը պետք է լինի Ղարաբաղի հարցում ֆիքսել այն ժառանգությունը, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից, փաստաթղթով: Հարց է տալիս՝ ի՞նչ փաստաթուղթ, ասում եմ՝ հենց հիմա ես քեզ թելադրում եմ, նամակ ես գրում արտաքին գործերի նախարարին, Մնացականյանին գրում ես նամակ՝ պահանջում եմ երկու օրվա ընթացքում ինձ ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակն ապրիլի 18-ի դրությամբ:
Հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի թիմից հնչող մեղադրանքներին, որ Տեր-Պետրոսյանն առանց Ղարաբաղի բանակցությունների է մասնակցել, առաջին նախագահը չհերքեց՝ այդպիսի բազմաթիվ հանդիպումներ ունեցել է:
Ի դեպ, ղարաբաղյան բանակցային գործընթացին առնչվող մի ձայնագրություն էր երեկ հրապարակել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմում 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ ունեցած մի զրույցից:
Լևոն Տեր-Պետրոսյան - Նիկոլն էլ օրը մեջ այդպիսի բաներ է գցում, գարշելի է այդ ամենը, երբ ընտրությունների ընթացքում նման կեղտոտ բան է արվում:
Շարունակելով ներաքաղաքական թեման՝ եթե ընտրության արդյունքում խորհրդարան անցնեն Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերը, սակայն նրանցից որևէ մեկը մեծամասնություն չունենա և կոալիցիա ձևավորելու հարց առաջանա, ո՛րը կլինի ՀԱԿ-ի դիրքորոշումը, Տեր-Պետրոսյանը շեշտեց՝ կողմ են համերաշխությանը և կփորձեն այդ պահին ճիշտ որոշում կայացնել: Իսկ եթե, այդուհանդերձ, վարչապետի ընտրության հարցում կանգնեն երկընտրանքի առաջ՝ Նիկոլ Փաշինյամ կամ Ռոբերտ Քոչարյան, ո՞ւմ կաջակցեն:
Լևոն Տեր-Պետրոսյան - Դա հիմա խոսելու բան չէ: Կստեղծվի նոր իրավիճակ, որին լուրջ կվերաբերվենք և կփորձենք սխալ որոշում չկայացնել:
Առաջին նախագահը, այդուհանդերձ, կարծում է՝ քաղաքական ուժերից որևէ ներկայացուցիչ այս փուլում պետք է վարչապետ չլինի:
Ճգնաժամային կառավարման հարցում փորձ ունենալու Քոչարյանի հավաստիացումներին Տեր-Պետրոսյանը համաձայն է:
Լևոն Տեր-Պետրոսյանի հավաստմամբ, եթե իր գլխավորած ուժը մեծամասնություն չկազմի, նա մանդատ չի վերցնի: