Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում անվավեր է ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի գրանցումը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է՝ հանձնաժողովը գրություն է ստացել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից:
«Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի գրությամբ փաստվում է, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը չի հանդիսանում վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող, հետևաբար չունի ընտրվելու իրավունք: Նման եզրահանգման է հանգում նաև ԿԸՀ-ն՝ սույն վարույթի շրջանակում առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ»,- ասել է Տիգրան Մուկուչյանը:
Նա նաև տեղեկացրել է՝ Արզաքանցյանը դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերից 1005 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:
Տիգրան Արզաքանցյանի գրանցումը անվավեր ճանաչելու որոշման նախագիծը ԿԸՀ նիստում քվեարկությամբ ստացել է 5 կողմ, 1 դեմ ձայն:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ ՀՀ ԿԸՀ-ն այսօրվա նիստում քննարկելու է Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը: