Քաղցկեղային բջիջների հասցեական չեզոքացման համար նախատեսված նանոմասնիկները հայ ֆիզիկոսները ստանում են հենց այս վառարանում: Մետաղօրգանական միացությունները երկու ժամվա ընթացքում, 1250 ջերմաստիճանում վերածում են նանոմասնիկների: Հետո ուլտրաձայնային մշակման ենթարկում, մանրացնում:
Հարություն Գյուլասարյան (Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող) - Օգտագործվող նանոմասնիկների չափը 10 նանոմետրից փոքր պետք է լինի, բայց ստանում ենք բավական մեծ մատրիցաներ, որոնք պետք է փշրել, նանոմասնիկներն առանձնացնել ու օգտագործել:
Քաղցկեղային բջիջները ոչնչացնող այս զանգվածը մի քանի տարի է՝ արդյունավետ կիրառվում է գերմանական ու ռուսական կլինիկաներում: Բուժական մեթոդի կատարելագործման ու նանոմասնիկների տաքացման արագությունը փոխելու համար հայ ֆիզիկոսները գիտական փորձարկումներ են անում: «Հորիզոն 20-20»-ից դրամաշնորհ են ստացել ու ավելի ակտիվ գործի անցել:
45 աստիճանից բարձրի դեպքում կարող են վնասվել մարդու առողջ բջիջները: Բժիշկների գործը հեշտացնելու համար հայ մասնագետները փորձում են ինքնակարգավորվող ռեժիմով մագնիսական նանոմասնիկներ ստանալ, նաև արագացնել ջերմաստիճանային շոկի պրոցեսը, քանի որ, հակառակ դեպքում, քաղցկեղային հյուսվածքները կսկսեն արագ տարածվել: 1.5 տարի փորձարկումների արդյունքում նանոմասնիկների տաքացման դեռևս անգերազանցելի արդյունք են գրանցել:
Նանոմասնիկների հաջողված նմուշներն արդեն ուղարկել են արտասահմանցի գործընկերներին: Դրական գնահատական ստացել: Առաջիկայում ստացած որակյալ նանոմասնիկները կփորձեն ուռուցքային հյուսվածքներում ու կենդանիների վրա:
Կստուգեն դրանց կենսահամատեղելիությունը օրգանիզմում: Գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում հայ մասնագետներն աշխարհին հանդես կգան նոր գիտական արդյունքով: