Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում:
Հիմնական զեկուցողը նշեց, որ այն իրականում խմբագրական բնույթ է կրում:
Նշվեց, որ առաջին անգամ Քաղաքացու օրը նշվել 2019 թվականի ապրիլի 27-ին: Քանի որ այն ֆիքսված օր չէ, այլ շարժական է, գործնականում լինում են համընկնումներ օրենքով սահմանված այլ տոնական կամ հիշատակի օրերի հետ, մասնավորապես` Ապրիլի 24-ի: Դրանից խուսափելու համար առաջարկվում է համընկնելու դեպքում ՀՀ քաղաքացու օրը նշել ապրիլի վերջին կիրակի օրը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ առարկություններ չունի:
Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն: