Հունիսի 2-4-ը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանը՝ կոռուպցիան կանխելու, դրա դեմ պայքարի միջոցների ու մարտահրավերների, ինչպես նաև միջազգային համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ։
Նստաշրջանի բացմանը ցուցադրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի տեսաուղերձը՝ նվիրված կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի հայկական օրինակին, որը, ըստ Բադասյանի, կարող է օրինակելի լինել շատ երիտասարդ ժողովրդավարությունների համար:
Մասնավորապես, ներկայացնելով Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ նախարարի պաշտոնակատարը առանձնացրել է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի ինստիտուցիոնալացման և կոռուպցիոն դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները` 2019 թվականից գործող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Գլխավոր դատախազությունում ստեղծված մասնագիտացված վարչություն, որը զբաղվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով, այս տարեվերջին աշխատանքները սկսող Հակակոռուպցիոն կոմիտե, 2022 թվականից էլ, ըստ ծրագրվածի, Հակակոռուպցիոն դատարան և այլն։
Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքները (Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում իր վարկանիշը բարելավել է 14 կետով), դատարաններում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով վերջին 3 տարիների ընթացքում վերականգնված 100 մլն եվրո գումարը (նախորդ 9 տարիների ընթացքում երեք անգամ պակաս միջոցների վերականգնում է արձանագրվել համանման գործերով), հատկանշական համարել դատավորների, դատախազների և քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգման, դատավորների գույքային դրության ստուգման համար ներդրված մեխանիզմներն ու հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնումը, ինչպես նաև առաջիկայում իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստրի ստեղծումը։
Այնուամենայնիվ, ըստ նախարարի պաշտոնակատարի՝ կոռուպցիայի դեմ պայքարում դեռ կան մարտահրավերներ՝ ուղղված կրթության և իրազեկման մակարդակի բարձրացմանը, քանի որ իշխանությունը միայնակ չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ: