Նալբանդյան համայնքում գրաֆիկով մատակարարվող ջրի ժամերն ավելացել են՝ շնորհիվ արևային էներգիայով արտադրած հոսանքի: Խմելու ջուրն այստեղ պոմպերի միջոցով են ստանում, այսինքն՝ ջուր ունենալու համար նաև էլեկտրաէներգիա են օգտագործում:
Յուրա Սարգսյան (Նալբանդյան համայնքի բնակիչ) - Ունեցել ենք 2 ժամ ջուր, հիմա կեսօրից մինչև 6,5 ժամ ունենք:
Համայնքում արևային էներգիան իրականություն է դարձել սուբվենցիոն ծրագրի շնորհիվ: Ծրագրի ընդհանուր արժեքը 20 մլն դրամ է: Պետությունը ֆինանսավորել է դրա 55, իսկ համայնքը՝ 45 տոկոսը: Արևային վահանակները ժամում 80 կվտ հոսանք են արտադրում, արդյունքում՝ բնակիչներն ավելի շատ ջուր են ստանում, քան նախկինում:
Գրիգոր Մկրտչյան (Նալբանդյան համայնքի ղեկավար) - Արևային էներգիայի արտադրած հոսանքի հաշվին կունենանք արտադրված ավել ջրի քանակ:
7-ժամյա ջրամատակարարումը փրկություն է հատկապես մանկապարտեզի համար: Պապենական մեթոդին փոխարինելու է եկել սպասք լվանալու մեքենան: Սա և արագ է, և արդյունավետ:
Ռեգինա Գինոսյան (մանկապարտեզի խոհարար) - Նախկինում, երբ էս մեքենան չկար, ձեռքով էինք լվանում, իսկ հիմա սրանով նաև ախտահանում եմ:
Արտավազդ Ղազարյան (Նալբանդյան համայնքի դպրոցի փոխտնօրեն) - Դպրոցի բակում ծիրանենիներ ու վարդեր են տնկված, դա ջրի շնորհիվ է: Երբ հոսքագիծն անցկացրեցին, երկու կռաններ թողեցին, որ ոռոգենք:
Նալբանդյանում ևս երկու արևային կայան տեղադրելու ծրագիր կա: Եթե Կառավարությունը համաձայնի, համայնքը, 7-ի փոխարեն, օրական 12 ժամ ջուր կունենա: Այլ ծրագրեր նույնպես կան, որոնք արդեն գործադիրի սեղանին են:
Գրիգոր Մկրտչյան - Նոր ծրագիր ենք ներկայացրել Կառավարություն՝ փողոցների լուսավորության համար, նաև երաժշտական դպրոց ենք ուզում կառուցել: Ծրագիրը հավանության է արժանացել, հիմա կատարում են նախագծանախահաշվային աշխատանքներ: