Շատ կարևոր գործեր են արվել հանրապետությունում, որոնցով կարող ենք հպարտանալ: Դրանք այն բարեփոխումներն են, որ իրականացրել ենք գիտության ոլորտում: Այս մասին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ամիսներ առաջ մենք սկզբունքային որոշումներ ենք կայացրել, որոնց արդյունքում մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումն էականորեն ավելանալու է:
Գիտաշխատողների աշխատավարձը 3,5 անգամ բարձրանալու է: Միայն 2022 թվականին, արդեն կայացրած որոշումներով, գիտաշխատողների աշխատավարձի ֆոնդը 4.4 մլրդ դրամից դառնալու է 7.7 մլրդ, բայց մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձային ֆոնդը դառնալու է 16 մլրդ դրամ: Այս որոշումներն արդեն իսկ կայացված են»,- ընդգծեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը, Փաշինյանը նշեց՝ 2019 թվականին նրանց աշխատավարձը 10 տոկոսով բարձրացվել է:
«Բայց 10 տոկոսով բարձրացնելով՝ մենք հասկանում էինք, որ դպրոցում՝ մանկավարժների մեջ, կան ուսուցիչներ, որոնք շատ ավելի բարձր աշխատավարձ ստանալու արժանի են, և դրա համար ներդրեցինք ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որը մայիսից արդեն գործում է: Սկսում ենք 5 հիմնական առարկաներից: Այս ծրագրով ուսուցիչները դիմում են համապատասխան օղակներին: Այն ուսուցիչները, որոնք ատեստավորում են անցնում, նրանց աշխատավարձը այս տարվա նոյեմբերից 30-50 տոկոսով կբարձրանա՝ նայած թե ինչ միավորներ են հավաքել»:
Ինչ վերաբերում է կենսաթոշակների բարձրացմանը, Փաշինյանն ասաց՝ 2020-ին Կառավարությանը չի հաջողվել բարձրացնել կենսաթոշակը ճգնաժամի պատճառով, իսկ 2021-ին ունենք պաշտպանական ոլորտի ծախսեր:
«Պաշտպանական ոլորտի մեր ծախսերով պետք է ավելի շատ զբաղվել»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը: